ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ, սակայն Արցախը միշտ եղել է իր սրտում և հոգում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելել են վանքի տարածքում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոն, ուր ծանոթացել են Արցախի տարբեր գրչատներում ստեղծված ձեռագիր մատյանների, Արցախի, մասնավորապես Գանձասարի պատմությունն արտացոլող հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի ցուցադրությանը։
Շրջայցից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ունկնդրել են Վանք գյուղի դպրոցի սաների և զինվորների կողմից կատարված հայրենասիրական երգերն ու ասմունքը, ապա օրհնելով ներկա երիտասարդներին՝ նրանց ընծայել խաչեր։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ, այցելել են նաև Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։
Հոսպիտալի պետ Զորի Սաղյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակը և նրանց բուժման ընթացքը։
