ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող զինծառայողներից 7-ը դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Ընդ որում, նրանցից 3-ի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, իսկ 4-ը կայուն ծանր վիճակում են։ Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է հոսպիտալ` նրանց բուժման տակտիկան բուժանձնակազմի հետ քննարկելու համար։
«Այսօր հիվանդ չեն տեղափոխել հոսպիտալ։ Իսկ երեկ մեզ մոտ հոսպիտալացվել է մեկ վիրավոր` կամավորական թեթև վնասվածքներով։ Մինչ օրս դուրս գրվողներ չեն եղել, սակայն կան վիրավորներ, որոնք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանցից են Հայկ Թորոսյանն ու Հրայր Բաղդասարյանը»,-ասաց Արտաշես Խաչատրյանը։
Sputnik Արմենիան ավելի վաղ անդրադարձել էր Հայկ Թորոսյանին։ Մի քանի օր առաջ նա սեղմել էր հոր ձեռքն ու աչքերը վայրկյանական բացել։ Իսկ այսօր նա թեկուզ աննշան, բայց կարողանում է խոսել։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։