ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայկական ճեմարանն ու բարեգործական ակադեմիան Կալկաթայի թագի թանկարժեք քարն են, գրել է The Indian Express-ը:
«Այստեղ տղաները վառ գույնի համազգեստով ֆուտբոլ են խաղում: Միջանցքներում աղջիկները գեղեցիկ շրջազգեստներով շտապում են դասի: Ընդմիջման ժամանակ երեխաները հերթ են կանգնում ճաշարանում: Բայց այս դպրոցը տարբերվում է երկրի մյուս բոլոր դպրոցներից»,- գրել է հնդկական պարբերականը:
Հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը պատմում է, որ երկու դար շարունակ տարբեր երկրներից հայ պատանիներն այստեղ են եկել՝ ձգտելով հաջողություններ ունենալ ուսման մեջ: Անցյալ շաբաթ դպրոցը նշեց հիմնադրման 195-ամյակը: Տոնական միջոցառմանը շուրջ 100 մարդ մասնակցեց, որոնցից 60-ը Կալկաթայում բնակություն հաստատած Հնդկաստանի առաջին հայերի վերջին ներկայացուցիչներն են:
«Հայերը միշտ բաց են եղել տարբեր մշակույթների համար: Ահա թե ինչու ենք մենք հազար տարվա ընթացքում կարողացանք գոյատևել Հնդկաստանում»,- ասաց Զավեն Յազիչյանը:
Հնդկաստանում հայերի պատմությունը կապ չունի անգլիացիների, մոնղոլների կամ նույնիսկ պորտուգալացիների նվաճումների հետ: Հայերն Արևմտյան Ասիայից այստեղ են եկել միայն առևտրի նպատակով: «Մենք գաղութարար չէինք: Մենք այստեղ ենք փոխադրվել մոնղոլներից շատ առաջ»,- պատմում է Զավեն Յազիչյանը:
Հայկական ճեմարանից և բարեգործական ակադեմիայից ոչ հեռու քաղաքի ևս մեկ տեսարժան վայր է՝ Թագավորական առանձնատունը Փարկ Սթրիթում: Գոթական ոճի ճակատամասով շենքը կարծես հիշեցում է բրիտանական Կալկաթայի անցյալի մասին: Բայց շենքն իրականում Գալստյանների առանձնատունն է եղել։ Նրանք հարուստ գործարարներ էին:
Կալկաթայի մեկ այլ հանրահայտ տեսարժան վայր է The Grand Hotel-ը (ներկայում՝ Oberoi Grand), որը կառուցել է հայ գործարար Հարություն Ստեփանը: