ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Ադրբեջանի սանձազերծած գործողությունը չի կարող չմտահոգել ու չձեռնարկել առնվազն քննարկումներ ու քայլեր։
«Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, հենց դա է, նոր ուժի կիրառում է։ Հիմա հայկական կողմերը պետք է աշխատեն և հասնեն նրան, որ լինի համապատասխան արձագանք: Բնական է, որ հարցադրումը շատ հստակ հնչելու է, որ առանց բանակցային գործընթացում ԼՂ լիարժեք ներգրավման, այն չի լինի արդյունավետ»,-ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` նախ պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի, իսկ նախորդ փորձը ցույց տվեց, որ այն միջոցները, որ դրա համար կիրառվում են, բավարար չեն։ Նա ավելացրեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի համար ցանկալի կլիներ, որ միջազգային արձագանքն ավելի հասցեագրված, ավելի հստակ լիներ:
«Ես նկատի ունեմ պաշտոնյաներին, կան մամուլի հրապարակումներ, որտեղ հստակ դատապարտվում է Ադրբեջանը, իսկ պաշտոնյաների կողմից, ցավոք սրտի, այդ հստակությունը չկա, և դա մտահոգիչ է, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք: Որովհետև առ այսօր այն հանգամանքը, որ այդ բոլոր հայտարարությունները չեն եղել հասցեագրված, հենց Ադրբեջանն ընկալել է քարտ բլանշ վերջին իրադարձություններն իրականացնելու համար»,-ասաց նա:
