ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի-Sputnik. Պլամեն Պասկովն ասել է, որ իրեն հանկարծակիի չի բերել Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Բայց կա մի բան, որը խիստ զարմացրել է նրան. Հայաստանն իր տարածքով մոտ 2 անգամ ավելի փոքր է Ադրբեջանից, բնակչությունը ևս զիջում է Ադրբեջանին։ Բացի այդ, Հայաստանը չունի կասպյան նավթ, չունի թիկունքին կանգնած հզոր Թուրքիա: Հակառակը` երկիրը շրջապատված է ազգերով ու ժողովուրդներով, որոնք պատրաստ են ամեն վայրկյան վերացնել նրան։ Նման պայմաններում երկիրն ու ժողովրդին պաշտպանելն անիրագործելի առաքելություն է թվում: Իսկ լայնամասշտաբ պատերազմ տանելն առավել քան անիրագործելի է թվում։
«Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակվեց Արցախի վրա, իսկ արցախցիները ցույց տվեցին, որ պատրաստ են կռվել մինչև վերջ։ Իսկ այն, որ նրանք սկզբում մի քանի հենակետ են կորցրել, միանգամայն բնական է: Յուրաքանչյուր հենակետում գտնվող 5-6 զինվոր չէր կարող երկար դիմակայել ծանր զրահատեխնիկայի դեմ»,-ասաց Պասկովը։
Պասկովը պատմել է, որ ցնցող տեսանյութ է տեսել, ինչպես են հայ մարտիկները` զինվորական համազգեստ հագած, ռազմաճակատ մեկնելուց առաջ պարում իրենց սիրելի աղջիկների, քույրերի, մայրերի ու կանանց հետ։
«Ու այդ ամենը կատարվում է իրենց մի քանի անգամ գերազանցող հակառակորդի հետ մահացու մարտի մեկնելուց առաջ։ Հակառակորդ, ով իրեն սատանայի պես է պահում` ավերում է դպրոցները, սպանում աշակերտներին, խոշտանգում սպանված ծերերի դիակները, կտրում է նրանց ականջները, գլխատում երիտասարդ զինվորին»,-ասաց նա։
Վերջում նա համոզմունք է հայտնել, որ հայ ազգին հնարավոր չէ հաղթել. կարելի է վերացնել, սպանել, բայց ոչ հաղթել։
