ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Տխրահռչակ Չավուշօղլուն իր հայտարարությամբ վերահաստատել է Թուրքիայի իշխանությունների մեղսակցությունն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին, այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում նախօրեին հայտարարել էր, թե Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին, քանի որ օսմանական թուրքը, անգամ ընկած, երբեք եղբորը փորձանքի մեջ չի թողնի: Թուրք դիվանագետը մեղադրել էր Հայաստանին ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեջ, քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Այս ամենը զարմանալի չէ, քանի որ թե՛ Մերձավոր Արևելքում ԻՊ ահաբեկիչների, թե՛ ադրբեջանական ԶՈՒ հանցագործությունները, մասնավորապես Թալիշում անօգնական ծերերի սպանդը նույն ձեռագիրն է, որը կարող է ուղղորդվել Թուրքիայի կողմից: Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ջղաձիգ արձագանք իրենց ձախողված բլից կրիգին»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Չավուշօղլուի՝ Ալիևին սատարող հայտարարությունն Էդուարդ Շարմազանովին հիշեցրել է Հիտլերի և Մուսոլինիի եղբայրության կոչերը, որոնց ահաբեկչական քաղաքականությունը ձախողվեց:
«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, պետք է նշեմ, որ ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,-ամփոփեց ԱԺ փոխնախագահը:
