ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Շատերն են ուզում օգնություն ցուցաբերել հայ զինվորին: Անմասն չեն նաև մարզաշխարհի ներկայացուցիչները: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը, որը «ԱրսուԳրիգ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, պատրաստվում է մոտ 10 տոննա սննդամթերք ուղարկել Լեռնային Ղարաբաղ, մեր զինվորներին:
«Նման իրավիճակներում մենք պետք է մեր զինվորի կողքին լինենք: Հայ զինվորը, այն էլ առաջին գծում, պետք է ապահովված լինի ամեն ինչով, և մենք ցանկանում ենք մեր փոքրիկ օգնությունը ցուցաբերել մեր տղաներին, որոնք սահմաններին կանգնած, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են ոսոխի դեմ: Փառք մեր զինվորին և Աստված նրանց օգնական»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Հովհաննես Պողոսյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ադրբեջանը մի շարք նախահարձակ գործողություններ է իրականացրել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։