ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայ բռնցքամարտիկները չեն մասնակցելու Ադրբեջանում ու Թուրքիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:
«Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ, որ հայ մարզասերը մեզ կհասկանա։ Եվ բոլոր այն մարզիկները, որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով, կվերադառնան իրենց զորամաս եւ կանցնեն կանոնավոր ծառայության, որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը»,- նշված է հայտարարությունում։
Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ադրբեջանը մի շարք նախահարձակ գործողություններ է իրականացրել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։