ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. «Այս պահին գնում ենք հակառակորդին պարտադրելու խաղաղությունը և ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչելու ճանապարհով»,- այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով ԼՂ խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների քաղաքական առաջնահերթությունների մասին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է, և Հայաստանի Հանրապետություն ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, անելու է հնարավորը, որպեսզի Արցախի ժողովուրդն ապրի անվտանգ երկրում»,-ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ միջազգային կառույցների և առանձին երկրների ղեկավարների հայտարարություններին, ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Հայաստանին չեն բավարարում հավասարության նշան դնող հայտարարությունները՝ անկախ նրանից, թե դրանք ով է անում:
«ԱԺ 6 խմբակցությունների հայտարարության մեջ հստակ նշվում էր, որ պետք է ի վերջո դահիճն անվանվի դահիճ, պետք է հանցագործն ուղիղ անվանվի հանցագործ: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան պարոն Փոլադ Բյուլբյուլօղլին պարզ, բաց, հրապարակային ասել է, որ իրենք են սկսել, և ես կարծում եմ, որ ՄԽ համանախագահ երկրները շատ լավ գիտեն, թե ով է սկսել, և ունեն այդ հնարավորությունը, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան, և՛ ՌԴ-ն, գոնե այդ երեք երկրներն ունեն բազում տեխնիկական հնարավորություններ՝ կոնկրետ իմանալու՝ ով է այդ ագրեսիայի և ահաբեկչության հեղինակը, ով է լարում իրավիճակը, ով է թշնամանք սերմանել, և հավասարության նշանով որևէ հայտարարություն՝ կլինի Վաշինգտոնից, Մոսկվայից, թե Փարիզից, թե Վիեննայից, չի կարող օժանդակել այս կարգավորմանը»,- ասաց Շարմազանովը:
Ադրբեջանը հստակ ռազմական ագրեսիա է իրականացնում ԼՂ ժողովրդի նկատմամբ, հայտարարեց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ դա հետևանք է նաև այն բանի, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԽ-ն մերթ ընդ մերթ հայտարարություններ են անում՝ հավասարության նշան դնելով:
Այդուհանդերձ, անկախ միջազգային կառույցների արձագանքից Շարմազանովն առաջին հերթին կարևորեց, որ ԼՂ պաշտպանության բանակը խաղաղություն պարտադրի հակառակորդին:
«Հիմա խնդիր պետք է լուծեն մեր հայրենակիցներն Արցախում, որովհետև տեղի է ունեցել ագրեսիա, ահաբեկչություն, և բոլոր այն գնահատականները, որոնք հնչում են թե՛ՀՀ ՊՆ-ից, թե՛ ԼՂՀ ՊԲ-ից, ես թե՛ որպես անհատ, թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես քաղաքական գործիչ, պաշտպանում եմ»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին, ՀՀ առաջին նախագահին, երկրապահ կամավորականներին ու նաև լրագրողներին՝ ազգային միասնության համար:
«Այսօր չկա իշխանություն և ընդդիմություն, այսօր երկրորդական է, թե ով որ կուսակցության անդամ է, մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հայաստանի ու Արցախի ներկայացուցիչներ ենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ և ԼՂՀ միջև ռազմական փոխգործակցության պայմանագրին, ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ երկու երկրների Արտաքին գործերի նախարարություններն աշխատում են փաստաթղթի տեքստի վրա: Պատրաստ լինելուն պես այն կվավերացվի ԱԺ-ի կողմից:
