ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում առաջարկեց դիմել ՄԱԿ-ի ղեկավարությանը` միահամուռ կերպով քննարկելու Ադրբեջանի գործողությունները։
Նա հիշեցրեց, որ Մարտունու Զորավան գյուղում ռմբակոծել էին դպրոցը` սպանելով և վիրավորելով դպրոցական երեխաներին։ Արձագանքելով Ուրիխանյանի առաջարկին` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ԱԺ բոլոր խմբակցությունները համաձայնել են հանդես գալ մեկ միասնական դիրքորոշմամբ և շնորհակալություն հայտնեց բոլորին համախմբման համար։
Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն առաջնահերթություն է հնչեցրել ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության փաստաթուղթ ունենալու մասին։
ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը կոչով դիմեց միջազգային հանրությանը` միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանին զսպելու ուղղությամբ։ ։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս կոչ արեց միջազգային հանրությանը ներկայացնել իրականությունը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ կարևորեց, որ հայոց բանակի ռազմաճակատում ունեցած հաջողություններն ամրագրվեն նաև դիվանագիտական ճակատում։ «Խորհրդարանն իր բաժին պատասխանատվությունն ունի միջազգային ճակատում իրականությունը ներկայացնելու հարցում»։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը իր ելույթում դիմեց զոհերի հարազատներին` ԱԺ անունից զորակցություն ու ցավակցություն հայտնելով նրանց։ «Բոլոր զոհերը սրբացել են` միանալով արցախյան ազատամարտի բոլոր նահատակներին»։
ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀեր Շահգելդյանն էլ կարևորեց զոհվածների ընտանիքների բարեկեցությունն ապահովելու հարցը։ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը որակելով որպես ազգային գերակա շահ` Շահգելդյանը հայտարարեց. «Հասարակության ոգին ավելի է ամրանում և մարդիկ պատրաստ են պայքարի»։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ, անսպասելի չէր, անսպասելի չէր նաև հայ ժողովրդի` ծանր պահերին համախմբվելու ունակությունը ։
Ռուստամյանն անդրադարձավ նաև առաջիկայում ԼՂ-ի հետ կնքվելիք ռազմաքաղաքական համաձայնագրին։ Այն ցույց է տալու, որ «ողջ հայ ժողովուրդը մեկ միասնական ազգ է և ոչ ոք չի կարող այդ միասնականությունը խաթարել»։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ադրբեջանին հետ մղելու երաշխիքն այսօր ազգային միասնական ոգին է։ Նա իր քաղաքական ուժի անունից հայտարարեց, որ անկախ ներքին անհամաձայնություններից` պատրաստ է Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող վտանգի պարագայում միասնական հանդես գալ` ի պաշտպանություն հայրենիքի։
Լևոն Զուրաբյանն առաջարկեց Ազգային ժողովում դռնփակ քննարկում անցկացնել, որի ժամանակ ՊՆ և ազգային անվտանգության ներկայացուցիչներն ու բոլոր պատասխանատու կառույցները կներկայացնեն իրական վիճակը, ինչը թույլ կտա ամբողջական վերլուծություն կատարել և անհրաժեշտ լուծումներ գտնել։
Այս առաջարկը ողջունեցին նաև ՕԵԿ ներկայացուցիչները և մի քանի անկախ պատգամավորներ։
