ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի-Sputnik. Կարեն Վրթանեսյանը Ադրբեջանի` ռազմական գործողությունները դադարեցնելու հայտարարության մեջ գաղտնի մտադրություն է տեսնում։
«Գուցե այդպես հայտարարում են` հույս ունենալով ինչ-որ դադար ստանալ, զինուժ ու ռեզերվներ կուտակել։ Նման հայտարարությունները մեծ կասկածանքով եմ դիտում։ Գուցե նրանք մի քանի մետր առաջ են գնացել, ուզում են ամրագրել` ներկայանալով որպես խաղաղության ջատագով, այն իմաստով, որ տեսեք` մենք հիմա դադարեցրինք, իսկ հայերը շարունակում են»,-ասաց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանը կոչ է անում մեծ զգուշավորությամբ վերաբերվել ադրբեջանցիների ցանկացած հայտարարությանը։ Նրա խոսքով` այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակում է համառորեն լռել իր կորուստների մասին։ Ռազմական փորձագետը վստահ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր նպատակներից մեկը խուճապ առաջացնելն է։
«Դատելով այն գործողություններից, որոնց նրանք դիմում են, բավականին լուրջ կորուստներ են ունեցել, դրա համար էլ հիմա շատ ակտիվ փորձում են ինչ-որ կեղծ լուրեր, հին լուսանկարներ տարածել, բայց այդ հին նյութերը արագ բացահայտվում են»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։
Ադրբեջանի ՊՆ-ի ստեղծած խաբկանքը, մասնագետի բնորոշմամբ, կրում է «խաղաղության աղավնի» ռեժիմը։
Նշենք, որ մի քանի ժամ առաջ Ադրբեջանը հայտարարել էր, թե որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում։ Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Միաժամանակ Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ վերջին 12 ժամվա ընթացքում միակողմանի հրադադարի մասին հայտարարությունն արդեն երկրորդն է, բայց այն իրականությանը չի համապատասխանում. Ադրբեջանը շարունակում է ռմբակոծությունները։