ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ինչպես գրում է razm.info կայքը, ապրիլի 2-ին Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել էին Ադրբեջանի ԶՈւ 2 ուղղաթիռ:
Դրանցից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է մեկի մասին տեղեկությունը, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել նաև ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուների` մայորներ Ուրֆան Վալիզադեի (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադեի (Təbriz Mustafazadə), ավագ լեյտենանտ Բաքիր Իսմայիլովի (Bəkir İsmayılov) մասին:
Ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուները` մայորներ Ուրֆան Վալիզադե (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադե (Təbriz Mustafazadə)
Սա ակնհայտ է դարձնում, որ խոցված ուղղաթիռները մեկից ավելի են եղել, քանի որ ուղղաթիռների անձնակազմը 2 հոգի է լինում, բացի այդ էլ նույն ուղղաթիռում մայորի կոչումով երկու սպա դժվար թե լինեին:
Այնուամենայնիվ այս պահին հայտնի է երկու խոցված ուղղաթիռների ընդհանուր 3 սպանված օդաչուի անուն:
Ավելի ուշ հայտնի է դարձել ևս 4 սպանված զինծառայողների` Իլքին Մեմեդովի (İlkin Məmmədov), Սամիր Գաչաևի (Samir Qaçayev), Ռուհին Գահրամանով (Ruhin Qəhrəmanov), Ռավան Նուրաևի (Rəvan Nurayev), ինքնությունները:
Ստացվում է, որ ներկայում հայտնի է ադրբեջանցի 7 զոհված զինծառայողի անուն:
Սակայն ՊԲ հրապարակած նկարների առաջին խմբաքանակում երևում է 3 ադրբեջանցի սպանված զինծառայողի դի: Իսկ լուսանկարների երկրորդ խմբաքանակում երևում է ադրբեջանցի զինծառայողների 9 դիակ, որոնք այդպես էլ մնացել են չեզոք գոտում: Եվս 2 ադրբեջանցի զինծառայող երևում է ՊԲ տեսանյութում` Ադրբեջանի ԶՈւ խոցված ուղղաթիռներից մեկի մոտ:
Այսպիսով Ադրբեջանի ՊՆ հայտարարած թիվը` 12, արդեն այս պահին հերքված է: