ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և ողջ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի և վիրավորների մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին արդեն առավոտյան ժամերին:
Առաջին լուրերը ԼՂՀ բնակավայրերի տուժած խաղաղ բնակիչների մասին էին: Ավելի ուշ հաստատվեց, որ ԼՂՀ Մարտունու շրջանի Զորավան գյուղում դպրոց գնալիս հենց դպրոցի բակում հրետակոծության հետևանքով զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը:
Նրա եղբայրը՝ 10-ամյա Գևորգ Գրիգորյանը և համագյուղացի մեկ այլ երեխա՝ 11-ամյա Վարդան Անդրեասյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց:
Որոշ ժամանակ անց, ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտարարեց խաղաղ բնակիչների շրջանում ևս 4 վիրավորի մասին. 55- ամյա Ծովինար Աղաջանյանը, 43-ամյա Գարեգին Աղաջանյանը, 31-ամյա Զավեն Ավանեսյանը հրազենային ծանր վնասվածքներով ընդունվել են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց: 19-ամյա Հայկ Թորոսյանը՝ գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով, ևս ընդունվել էր նույն հիվանդանոց, ապա` տեղափոխվել Երևան:
Հայտնի է նաև, որ ԼՂ-ից ռազմական ուղղաթիռով Երևանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հրազենային վիրավորանքներ ստացած 3 ժամկետային զինծառայող: Հոսպիտալի ղեկավարությունը լրագրողներին հայտնել է միայն նրանցից մեկի՝ Արսեն Մարգարյանի անունը:
Երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահը հայտարարեց, որ հայկական կողմի զոհերի թիվը 18 է, վիրավորներինը՝ շուրջ 35:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, ապա հայկական կողմի պաշտոնական հայտարարությունների համաձայն` Ադրբեջանը տվել է շուրջ 200 զոհ: Հայկական զինուժի պաշտպանական գործողությունների արդյունքում Ադրբեջանը կորցրել է 3 զրահամեքենա, 3 տանկ, 1 անօդաչու թռչող սարք:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սակայն հերքում է այս տեղեկությունները և պաշտոնապես ընդունում միայն 12 զոհի, 1 ուղղաթիռի և 1 տանկի կործանման մասին տեղեկությունները:
Նշենք, որ հայկական կողմը նաև շփման գծում ադրբեջանական կողմի թողած դիակների ու կործանված մարտական տեխնիկայի բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել: