ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ԼՂՀ խորհրդարանի օրակարգում մեկ հարց էր՝ ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ի նախահարձակ գործողության վերաբերյալ, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ընդունված հայտարարության մեջ նշվում է.
Հրադադարից հետո տարիներ շարունակ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը քայլ առ քայլ տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Ապրիլի 2-ին Ադրբեջանն աննախադեպ լայնածավալ հարձակում ձեռնարկեց՝ հարվածելով ոչ միայն Արցախի ռազմական օբյեկտներին, այլև խաղաղ բնակավայրերին, որի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում` անմեղ երեխաներ:
Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այս ահաբեկչական գործողությունները ոչ միայն ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության դեմ, այլև հարված են միջազգային անվտանգության համակարգին:
ԼՂՀ Ազգային ժողովը, իր վստահությունն արտահայտելով Պաշտպանության բանակի հմուտ գործողություններին, Արցախի քաղաքացիների և հատկապես սահմանային բնակավայրերի բնակչության բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությանը
— համարում է, որ միջազգային հանրությունը, անընդհատ ենթարկվելով պաշտոնական Բաքվի շանտաժին, տարիներ շարունակ իր մոտեցումներով հավասարության նշան դնելով կողմերի միջև՝ շարունակում է ոգևորել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները,
— փաստում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը հանգեցնում է Ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների: Ագրեսորին չզսպելը բերելու է տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքներով նոր սրացումների, ինչի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլև նրան սատարող ուժերի վրա: