ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Տարածված լուրերն այն մասին, որ զինվորներին տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հերքեց ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ հայտնելով, որ վիրավորները Երևան են տեղափոխվել ռազմական ուղղաթիռներով:
Նրանց հիվանդանոց տեղափոխելու համար օդանավակայան են մեկնել «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության ավտոմեքենաները: Ավելի ուշ, սակայն, վիրավորներին որոշվել է տեղափոխել զինվորական հոսպիտալ:
Մեր զրուցակիցը դժվարացավ տեղեկություններ հայտնել վիրավորների թվի և վիճակի մասին: Sputnik Արմենիայի լրագրողը «Մուրացան» բժշկական կենտրոնից հայտնում է, որ կենտրոն է տեղափոխվել երեք վիրավոր։ Առայժմ հայտնի է նրանցից մեկի անունը` Արսեն Մարգարյան։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է ձեռնարկել։ Զոհվածների և վիրավորների վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա։
