ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի, սակայն տեսանյութը հրապարակվել է այս տարվա մարտի 30-ին։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ամեն ինչ սկսվել է փողոցային կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել է կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին:
Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», սկսել են հայհոյել պատգամավորին, և Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել է Ավետիսին, իսկ պատգամավորը ստիպված է եղել մեքենայից հանել զենքը: