ԵՐԵՎԱՆ, 31 մարտի–Sputnik. Երևան-Էլ Քուվեյթ ուղիղ չվերթի բացակայությունը խոչընդոտում է երկու երկրների միջև գործարար կապերի զարգացմանը: Այս մասին SputnikԱրմենիայի հետ զրույցում ասել է Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:
«Ամռանը բավականին մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են Քուվեյթից ժամանում Հայաստան: Չմոռանանք, որ Քուվեյթում կա 6 000-անոց հայ համայնք, որն անշուշտ կօգտվի այդ հնարավորությունից: Մենք նաև կօգտագործենք այդ ուղիղ չվերթի հնարավորությունները բեռնափոխադրումների համար, և մեր ապրանքը կտեղափոխենք Քուվեյթ»,- ասել է դեսպանը:
Չվերթի բացման շուրջ Քուվեյթի ազգային փոխադրողի հետ բանակցությունները վարվում են, սակայն, Ֆադեյ Չարչօղլյանի խոսքով, ինքնաթիռի բացակայության պատճառով գործնական քայլեր առայժմ չեն ձեռնարկվում: «Բայց Երևանն իրենց ծրագրերի մեջ է, մինչև ամառ 10-15 նոր ինքնաթիռներ է սպասվում, և հույս ունենք, որ այդ չվեթը կիրականանա»,-ասել է Չարչօղլյանը:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու նավթի գների անկումը մեծ վնաս է հասցրել Քուվեյթի տնտեսությանը: Բայց դա չի ազդել քուվեյթի գործարարների՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկության վրա: Ֆադեյ Չարչօղլյանի խոսքով` քուվեյթահայ գործարարներից ոմանք Հայաստանում ներդրումներ են կատարել շինարարական, ռեստորանային բիզնեսի բնագավառում: Մի խումբ քուվեյթահայեր էլ Հայաստանում նոր հյուրանոցային համալիր կառուցելու ցանկություն են հայտնել:
«Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր, զարգանալու մեծ ներուժ ունի, որը քուվեյթցիները տեսնում են: Մենք հաճախակի հանդիպումներ ենք ունենում Քուվեյթի գործարար աշխարհի հետ հենց այդ բնագավառում: Ես կարծում եմ, որ հնարավորությունն ու համագործակցությունը մեծ ապագա ունեն»,- նշել է Ֆադեյ Չարչօղլյանը:
Քուվեյթի դեսպանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, մարտի 31-ին, ժամը 18:00-ի լուրերի թողարկումից անմիջապես հետո, «Կաղապարից դուրս» հաղորդաշարի եթերում: