ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն Samsung Electronics Co-ի դեմ 30 մլն դոլարի հայց է ներկայացրել` պնդելով, որ ընկերությունը ոչ պատշաճ կերպով օգտագործել է իր նմանակին գովազդում նկարահանվելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռեյթերսին։
Գործակալությունը նշում է, որ գովազդը հրապարակվել էր New York Times ամսագրում առանց ֆուտբոլիստի համապատասխան թույլտվության։ Այս ամիս Չիկագոյի դաշնային դատարան ներկայացված հայցի համաձայն` Samsung-ն անցյալ տարվա հոկտեմբերին տեղադրել էր բարձր հաճախականության հեռուստացույցների գովազդ ֆուտբոլիստի հետ նրա կերպարն օգտագործելու մասին 2013 թվականին պայմանագիրը խզելուց հետո։
Հայտարարության մեջ ասվում է` անկախ նրանից, որ գովազդում չի հիշատակվում Պելեի անունը, այն ներառում է տղամարդու կերպար, որը շատ նման է ֆուտբոլի աստղին, ինչպես նաև ֆուտբոլիստի լուսանկարը, որի վրա պատկերված է «մկրատի հարված» գործողությունը, որը Պելեն շատ էր օգտագործում։
Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, ով ավելի հայտնի է որպես Պելե, ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է։ 1990-ականների երկրորդ կեսին Պելեն կատարում էր Բրազիլիայի երիտասարդության, զբոսաշրջության և սպորտի հարցերի նախարարի պարտականությունները։ Նա հայտնի է նաև որպես կինոդերասան, հեռուստամեկնաբան, գործարար, սեփական երգերի հեղինակ և կատարող։