Արմենուհի Մխոյան, Sputnik.
«Մեր ուզածն ամբողջ աշխարհը շրջագայելն է ՝ մեր դրոշի ներքո, երկու անիվով»,-ասում է մասնագիտությամբ մարզիկ, սպորտի վարպետ Զորիկ Թովմասյանը, որը Մոսկվայում զբաղվում է ջիուջիցու մարզաձևով, ունի սաներ ու մարզադպրոց, բայց այս «գժությունը» արդեն «հիվանդություն» է համարում:
«Առանց ավտոմեքենայի և շատ ու շատ այլ բաների կկարողանանք ապրել, բայց առանց մոտոցիկլետի չենք կարողանա: Այս ամենը սկսվեց 12 տարեկանից, երբ հայրիկս, չգիտեմ ինչի համար, մոտոցիկլետ բերեց մեր ավտոտնակ: Ես տեսա, լաց եղա, ուզեցի, որ այն թողնի մեզ ու ինքնուրույն սովորեցի քշել. ու սկսվեց… Ամեն ինչ պատահական է ստացվել՝ չեմ ուզել, պահանջել կամ խնդրել՝ պարզապես տեսա ու սիրեցի»,-անկեղծանում է Զորիկը:
Ի տարբերություն Զորիկի, խմբի մյուս անդամը՝ մասնագիտությամբ տնտեսագետ Էդվարդ Ստեփանյանը, այս երազանքին հասել է հակառակ իր ծնողների ցանկության՝ բազում արգելքներից հետո:
«Ես դեռ մանուկ հասակից եմ մոտոցիկլետ սիրել, չնայած ծնողներիս արգելքներին, քանի որ մի անգամ վթարի եմ ենթարկվել, բայց ամեն դեպքում այն դառել է իմ կյանքի մասնիկը, առանց որի չեմ կարող ապրել, քանի որ սա մի ուրիշ զգացողություն է՝ ազատություն: Բայքերը որքան էլ հոգնած լինի, հենց նստում է իր մոտոցիկլետի վրա, կապ չունի` ցուրտ է, թե տաք, հանգստանում է»,-նշեց Էդվարդ Ստեփանյանը` վստահեցնելով, որ դեմ չի լինի, եթե իր որդին ժամանակին ևս այս «գժությամբ» տառապի:
«2,5 տարեկան որդուս մանկապարտեզ տանում ու տուն եմ բերում մոտոցիկլետով, եթե մեքենայով եմ գնում, լաց է լինում»,-ասում է Էդվարդ Ստեփանյանը։
Հայաստանում գործող այս ասոցիացիան դեռ երիտասարդ է, թեև ունի մեկ տարվա պատմություն և 7 անդամ, սակայն բոլորն էլ երկու անիվի նվիրյալներ են: Ոչ միայն իրենք են շրջագայում տարբեր երկրներով, այլ նաև Հայաստան այցելած տարբեր մոտոակումբների ներկայացուցիչներին են դիմավորում և օգնում: «Ազատ բայքերներն» ակումբ չէ, այլ պարզապես ասոցիացիա, ո՛չ գործունեության կանոն ունի, ո՛չ կանոնադրություն. բայքերական ընկերական խումբ է՝ մի թուլության շուրջ համախմբված մարդկանցով:
Բայքերների միակ խնդիրը Հայաստանի ճանապարհներն են ու եղանակը:
«Առավոտյան դուրս եկանք Երևանից, արև էր, հասանք Գյումրի` անձրև, ինչը բնականաբար, մոտոցիկլավարի համար խոչընդոտներ ու դժվարություններ է ստեղծում: Ուրիշ ոչ մի պատճառ չի կարող մեզ խոչընդոտ հանդիսանալ, քանի որ մենք այս ամենը սիրելով ենք անում: Անցած տարի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հսկայական ճանապարհ անցանք մեծ սիրով»,-նշեց Զորիկը` հույս հայտելով, որ շատ երկրների նման, Հայաստանում ևս շուտով մոտոկուլտուրան կզարգանա ու իրենք Հայաստանից դուրս շատ երկրներում կմասնակցեն բայք-փառատոների՝ Հայաստանի դրոշի ներքո:
«Անցած տարի Մոսկվայից սկսած` ամբողջ Ռուսաստանի տարածքով եկել, հասել ենք Վրաստան, ապա Ղարաբաղի տարածքով շրջագայել ու հետ ենք գնացել։ Այս ամենն արել ենք մեր սեփական ծախսերով: Այս տարի ուզում ենք օգոստոսին գնալ Ղրիմ՝ մասնակցելու բայք-փառատոնին: Արդեն ծրագիր էլ ունենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ Հայաստանում զարգացնենք մոտոկուլտուրան»,-նշեց Զորիկ Թովմասյանը:
«Ազատ բայքերների»` ազատությունը երկու անիվներին հանձնելու անմնացորդ նվիրումը զգում ես նաև դու, երբ առաջին անգամ, թեկուզ վախենալով, բայց հետաքրքրությունից դրդված փորձում ես քեզ հանձնել անիվերի այդ ազատությանը: Փորձում ես ու մի քանի ժամ անց զգում՝ այդ ազատությունն ու անիվների թռիչքը անմնացորդ գերել է քեզ: