ԵՐԵՎԱՆ, 29 մարտի- Sputnik. Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմի գլխավոր դերում օտարերկրացի դերասան հանդես կգա, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Սավելևը։
«Այո, նա օտարերկրացի է… Մենք բնականաբար կասենք անունը, երբ ամեն ինչ ավարտվի։ Ինտրիգը ոչ թե դերասանն է, այլ նրա ճակատագիրը։ Մենք ավելի ուշ կպատմենք, թե ինչու է նա մեզ դուր եկել։ Շատ լավ դերասան է։ Նա կարող է խաղալ Դովլաթովի դերում, որովհետև հասկանում է, թե ինչ է խաղում։ Թեև երիտասարդ է, բայց շատ բան է տեսել կյանքում»,- ասել է Սավելևը։
Նա հիշեցրել է, որ ֆիլմը նկարահանվում է մի քանի երկրների` Լեհաստանի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Հայաստանի և Ռուսաստանի աջակցությամբ։ Դերասանական կազմն ընտրվել է այդ երկրներից։ «Այնպիսի կադր չկա, որտեղ գլխավոր հերոսը չլինի»,- ասել է Սավելևը։
Նրա խոսքով` ֆիլմի նկարահանումները հիմնականում անցկացվում են քաղաքում, ուստի ստիպված են լինում երբեմն դադարեցնել երթևեկությունը, անջատել շենքերի և կամուրջների լուսավորությունը։
Նախագիծն արդեն ավելի քան 3 տարեկան է, այդ ողջ ընթացքում Գերման կրտսերը զբաղվում է արխիվային նյութեր հավաքելով, բանակցություններ է վարում և խորհրդակցում Դովլաթովի ընտանիքի հետ։ Ֆիլմի հեղինակները ծրագրում են վերստեղծել 70-ականների Լենինգրադը։ Նկարահանումները կավարտվեն հունիսի սկզբին, իսկ ֆիլմն ամբողջությամբ` 2017թ.-ի սկզբին։