ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ներկա են եղել Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու առավոտյան և երեկոյան պատարագին:
Վարչապետը շնորհավորել է հայ համաքաղաքացիներին Զատկի լուսավոր տոնի կապակցությամբ` նշելով, որ այս տոնը չարի դեմ` բարու և խավարի դեմ` լույսի հաղթանակն է:
«Մենք ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք: Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով, և մենք ոււրախ ենք, որ միասին են կառուցում երկիրը, որը միշտ կարող է հպարտանալ իր բազմազգությամբ», — նշել է Կվիրիկաշվիլին` մեկ անգամ ևս շնորհավորելով հայերին տոնի կապակցությամբ:
Նախօրեին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին շնորհավորել էր նաև Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին` երեկոյան պատարագի ժամանակ այցելելով Սուրբ Գևորգ եկեղեցի։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մեր զինծառայողներին: Շատ կարևոր է մեզանից յուրաքանչյուրի, հատկապես ինձ համար` որպես երկրի պաշտպանության նախարարի, որ Վրաստանի ԶՈՒ յուրաքանչյուր զինծառայող զգա իրեն Զինված ուժերի մի մասնիկը: Շնորհավորում եմ նաև Վրաստանի տարածքում բնակվող հայերին», — եզրափակեց խոսքը նախարարը:
Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Խիդաշելիին` ցուցաբերած ուշադրության համար:
Պատարագին պաշտպանության նախարարի հետ միասին ներկա էին նաև նրա տեղակալ Բեսիկ Լոլաձեն, Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Նիկոլոզ Ագլաձեն, հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Դմիտրիկ Կիկնաձեն, ինչպես նաև պաշտպանական գերատեսչության այլ ներկայացուցիչներ: