ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը Ռոման Բերեզովոսկու հրաժեշտի խաղն էր: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, իսկ խաղի ութերորդ րոպեին Բերեզովսկին իր տեղը զիջեց Երևանի «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանին:
«Շատ զգացված եմ, որ հրաժեշտի խաղն այսպես էին կազմակերպել: Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ եկա Հայաստան: Մյուս կողմից տխուր եմ, որ այլևս խաղադաշտ դուրս չեմ գալու որպես դարպասապահ»,- խաղից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Բերեզովսկին:
Ֆուտբոլային հանդիպման ընդմիջման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևանի քաղաքապետի մեդալ» հանձնեց Բերեզովսկուն, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Toyota Prado Land Cruiser նվիրեց նրան:
Հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանն անդրադարձավ Բելառուսի հավաքականի հետ կայացած խաղին:
«Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը լավ խաղ ցուցադրեցին, հատկապես՝ երկրորդ խաղակեսում»,- ասաց նա:
Սուքիասյանը խոսեց նաև ՀՖՖ ղեկավարի և մարզչի լիազորությունների մասին:
«Ֆեդերացիայի ղեկավարի լիազորություններն ընդհանուր են, սակայն հավաքականի կազմի ընտրությունն ու մարտավարությունը մարզիչն է իրականացնում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ տարբեր մարտավարություններ կմշակվեն, ընկերական հանդիպումները հենց դրա համար են: Նա խնդրեց ժամանակ տալ աշխատելու համար:
Խաղը մեկնաբանեց նաև Բելառուսի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը:
«Վառ արտահայտված առաջնորդ կա, որն իր հետևից է տանում ողջ թիմն ու բարձրակարգ խաղ է ցուցադրում: Մյուսների խաղի մակարդակը միջին է: Նրանք կարողանում էին լավ գրոհել: Սակայն այսօր երկու թիմերն էլ ավելի լավ հարձակվում էին, քան գրոհում»,- ասաց նա:
Բելառուսի հավաքականի մարզիչը նշեց, որ թիմի խաղից գոհ չէ. շատ էին տեխնիկական սխալները: Խացկևիչի խոսքով՝ բելառուսները կորցնում էին գնդակն ու պատասխան գրոհի ենթարկվում: