ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները միաժամանակ կվերագործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ի առավոտյան, հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Արեյանը քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների պետերի, ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերությունների տնօրենների ուղեկցությամբ նախօրեին շրջել է վարչական շրջաններում և տեղում հետևել ու ծանոթացել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների գործարկման նախապատրաստական աշխատանքներին:
«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ջրային կառույցների վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Թեև բավական ծավալուն են Հանրապետության հրապարակի և Երևանի հիմնադրման 2750-ամյակի շատրվանների գործարկման աշխատանքները, այդուամենայնիվ շատրվանների մասով մեր աշխատանքները հիմնականում ավարտված են»,- ասել է փոխքաղաքապետը:
Նրա խոսքով` առավել ընդգրկուն է ցայտաղբյուրների գործարկումը, որոնց հարցում աջակցում է «Երևան ջուր» ընկերությունը:
«Բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և արդեն հաճելի ավանդույթի համաձայն` մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները միաժամանակ կվերագործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ի առավոտյան»,-ընդգծել է Կամո Արեյանը:
Ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական այլ աշխատանքներ: Զուգահեռ ստուգվում է էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հուսալիությունը: