ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի ու Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասված է. «Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա»։
Նախագծի հիմնավորման համաձայն` թեև ֆորմալ առումով շարունակվում է Մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում։
Կառավարությունը մերժեց պատգամավորների առաջարկը։
Առաջարկը մերժելու հիմնավորումներից մեկն էլ այն է, թե նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա, այսինքն՝ նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին և արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որը սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել:
2008 թվականի փետրվարի 19-ին Երևանում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, որոնց ընթացքում ցուցարարները բողոքում էին նախագահական ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ։ Մարտի 1-ին ոստիկանությունը սկսեց ցրել ցուցարարներին։ Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, հարյուրավորները` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։