Խաչիկ Չախոյան, Sputnik.
Շատերը գիտեն, թե ինչպես է Ռոմանը պաշտպանել մեր հավաքականի դարպասը`շատ անգամ դառնալով մեր թիմի կազմում լավագույն ֆուտբոլիստը: Բայց քչերը գիտեն, թե ինչպես է կերտվել Ռոման Բերեզովսկի դարպասապահը, ինչպես է հղկել իր վարպետությունը և վերջապես ո՞վ է եղել Ռոման Բերեզովսկու գլխավոր խորհրդատուն: Կա ևս մեկ Բերեզովսկի, որը կարծես թե ֆուտբոլային կյանքի ստվերում է մնացել: Պարզվում է, որ Ռոմանը հիմնականում պարտական է իր ավագ եղբորը՝ Ալեքսանդր Բերեզովսկուն, նա է առաջին անգամ Ռոմանին տարել խաղադաշտ ու միշտ հետևել է իր կրտսեր եղբոր մարզական կարիերային:
– Ալեքսանդր, Ձեր ու Ռոմանի միջև տարիքային բավականին մեծ տարբերություն կա: Եվ ինչպե՞ս ստացվեց, որ Ռոմանը սկսեց զբաղվել ֆուտբոլով:
– Ռոմանն ինձանից փոքր է 14 տարով: Ծնողներս աշխատում էին Արփա-Սևան նախագծում, ու մենք 1974 թվականին բնակարան ստացանք ու տեղափոխվեցինք: Ես սովորում էի ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Ես ել եմ եղել սպորտսմեն, բայց` հեծանվորդ: Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել եմ նախկին ԽՍՀՄ սպարտակիադաների: Բայց միշտ սիրել եմ ֆուտբոլը: Ինստիտուտում մեր խմբում ես ընկեր ունեի՝ Կայֆաջյան Սերգեյը, որը թեթև ատլետ էր, բայց նույնպես շատ էր սիրում ֆուտբոլը: Մենք երկուսս էլ միշտ հետաքրքրվում էինք ֆուտբոլային իրադարձություններով: Նա Մոսկվայի «Սպարտակի» երկրպագու էր, ես` Դոնեցկի «Շախտյորի»: Ինստիտուտն ավարտելուց հետո Սերգեյն անմիջապես անցավ մարզչական աշխատանքի ներկայիս «Փյունիկի» դպրոցում, որն այն ժամանակ կոչվում էր ՕՌՄՊԴ (օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան դպրոց): Ռոմանն այդ ժամանակ յոթ տարեկան էր: Ես էլ նրան բերեցի Սերգեյի մոտ մարզվելու:
– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Ռոմանը դարպասապահ դարձավ:
– Մի քանի մարզումների ընթացքում Ռոմանը մարզվում էր ու այն դիրքում, որտեղ ուզում էր Կայֆաջյանը: Հետո ինչ-որ խնդիր առաջացավ դարպասապահի հետ, ու Ռոմանը հայտնվեց դարպասապահի դիրքում ու մնաց որպես դարպասապահ:
– Այդ տարիքում Ռոմանը կարճահասակ էր բոլորից: Հետաքրքիր է, որ դարպասապահի դիրքում հաստատվեց:
– Մի անգամ փորձելուց հետո Սերգեյ Կայֆաջյանը չուզեց ուրիշ դարպասապահ տեսնել: Ինչ վերաբերում է հասակին, ապա մեր գեներն այնպիսին են, որ հասակը սկսում է ավելանալ անցումային տարիքից հետո: Ու Ռոմանն էլ բարձրահասակ դարձավ մի քանի տարի անց:
– Ռոմանը հաճույքո՞վ էր գնում մարզումների, թե ինչ-որ տեղ դու ստիպում էիր:
– Երբեք չեմ ստիպել: Նախ Ռոմանը ինձանից բավականին փոքր էր ու լսում էր, բացի այդ էլ սիրում էր ֆուտբոլը: Կամ ես էի տանում մարզման, երբեմն էլ, երբ զբաղված էի լինում, Նորքի զանգվածից երթուղայինով ինքնուրույն էր գնում:
– Ես զրուցել եմ Ռոմանի մանկության ընկերների հետ, և նրանք կարծում են, որ Ռոմանի՝ որպես դարպասապահ կայացման գործում դուք շատ մեծ ներդրում ունեք:
– Երբ Ռոմանը փոքր էր, մենք նրան մանկապարտեզ տարանք, ու պարզվեց, որ ռուսական մանկապարտեզում տեղ չկա: Գնաց հայկական: Հենց այնտեղ էլ սովորեց հայերենն ու հայերի հետ շփվելը: Բացի այդ, ընտանեկան դաստիարակությունն էլ իր ազդեցությունը, իհարկե, ունեցավ: Եղբայրս միշտ խելոք ու խոհեմ տղա էր ու մեծերի խոսքը երբեք գետնով չէր տա: Երբ սկսեց մարզվել ֆուտբոլով, ես անընդհատ զրուցում էի մարզիչ Սերգեյ Կայֆաջյանի հետ, ու նա ասում էր, որ Ռոմանը շատ լավ տվյալներ ունի բարձրակարգ դարպասապահ դառնալու համար: Ու երբ մի քանի մրցումներից հետո նա վերադարձավ լավագույն դարպասապահի մրցանակով, ես հասկացա, որ ամեն ինչ պետք է անեմ, որ ջուրը չգցենք մեր ընդհանուր աշխատանքը:
– Կարելի՞ է համարել, որ Սանկտ Պետերբուրգ գնալը բեկումնային եղավ Ռոմանի մարզական կարիերայում:
– Երևի այո: Սանկտ Պետերբուրգի մի քանի թիմերում հանդես գալուց հետո, 1995 թվականին Ռոմանը հրավեր ստացավ «Զենիթից»: Վաղամեռիկ Պավել Սադիրինը, որը գլխավորում էր «Զենիթը», ընկերական խաղում նկատեց Ռոմանին ու հրավիրեց «Զենիթ»: Բայց մինչ այդ նա խաղաց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում: Երջանկահիշատակ Հովհաննես Զանազանյանը նրան հրավիրեց: Հետո բանակի խնդիր առաջացավ: Իսկ 1996 թվականին Ռոմանն առաջին խաղն անցկացրեց ազգային հավաքականի կազմում՝ Խորեն Հովհաննիսյանի կողմից ընդգրկվելով մեր առաջին թիմի կազմում:
– Հիմա արդեն տարիներ անց դուք հպարտություն զգու՞մ եք Ռոմանի համար:
– Արդեն նշեցինք, որ Ռոմանը ինձանից 14 տարի փոքր էր: Կարծես թե իմ տղան լիներ, ու ես, իհարկե, հիմա ինձ շատ լավ եմ զգում, երբ իմ եղբոր հասցեին բարյացակամ խոսքեր են հնչում: Ու հայ ազգն արդեն իսկ գնահատել է Ռոման Բերեզովսկին կատարած աշխատանքի համար: Ես շատ ուրախ եմ, որ իմ եղբայրը ֆուտբոլի ու հասարակության համար շատ պիտանի մարդ է:
– Ժամանակին օլիմպիական չեմպիոն Իգոր Նովիկովի համար ասում էին, որ նա Հայաստանի` ազգությամբ ռուս զավակն է: Կարծում եմ` նույնը կարելի է ասել Ռոմանի համար:
– Ռոմանը ծնվել է Երևանում, դաստիարակվել ու մեծացել հայկական մթնոլորտում: Ես չգիտեմ, թե ինչ կարելի է նրա համար ասել, բայց Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը Ռոմանը միշտ կրել է հպարտությամբ: Եվ այդ զգացումը եղել է մեր ամբողջ ընտանիքի մոտ: