ԵՐԵՎԱՆ, 23 մարտի- Sputnik. Ոստիկանությանը հաջողվել է պայթուցիկ գտնել Բրյուսելի օդանավակայանում և Սքարբեք համայնքի բնակարաններից մեկում տաքսիստի տեղեկությունների շնորհիվ, ով ենթադրյալ ահաբեկիչներին տեղափոխել է օդանավակայան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Derniere Heure հրատարակությանը։
Տաքսիստն ահաբեկչական գործողությունից մի քանի ժամ անց կապվել է իրավապահ մարմինների հետ, երբ համադրել է ահաբեկիչների մասին ԶԼՄ-ների հաղորդած տեղեկատվությունը հաճախորդների հետ, որոնց նա տարել է օդանավակայան։ Նա, մասնավորապես, հաղորդել է ոստիկանությանը, որ ուղևորները տարել են ոչ թե երեք պայուսակ, ինչպես երևացել է տեսախցիկների կողմից արված տեսագրությունում, այլ ավելի շատ։ Հենց այդ ցուցմունքները, հրատարակության տվյալներով, օգնել են ոստիկաններին գտնել երրորդ ռումբը Բրյուսելի օդանավակայանում, որը չի պայթել։
Բացի այդ, հենց տաքսիստն է հաղորդել Սքարբեք համայնքում այն տան հասցեն, որտեղից նստել են հաճախորդները։ Նա պատմել է ոստիկանությանը, որ ուղևորները ցանկացել են ավելի շատ պայուսակներ վերցնել, բայց ինքը մերժել է, քանի որ մեքենայի մեջ այլևս տեղ չի եղել։ Այդ հասցեում տեղի են ունեցել խուզարկություններ, որոնց արդյունքում Բելգիայի դաշնային դատախազությունը հաղորդել է պայթուցիկ սարք, ինչպես նաև քիմիական նյութեր և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշներ հայտնաբերելու մասին։ Derniere Heure-ը հաղորդում է նաև, որ քննիչները որոնում են Renault Clio և սև Audi S4 ավտոմեքենաները, որոնք պատկանում են բելգիական Լիմբուրգ նահանգի բնակչին, որը հաշվառման մեջ է ահաբեկչության հարցերով պետական անվտանգության ծառայությունում։