ԵՐԵՎԱՆ, 22 մարտի- Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը զարմացած է, որ Արևմտյան Եվրոպան առայժմ չի կարող ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։ Նրա խոսքով` տարօրինակ է, որ 21-րդ դարում մարդիկ պայթուցիկ նյութերով հանգիստ շրջում են մետրոյում և օդանավակայանում, այս մասին նա ասել է Sputnik Տաջիկստանին։
«Նույնիսկ այս դեպքում ես համոզված եմ, որ չի կարելի չեղյալ հայտարարել Ֆրանսիայում Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ Այո, Հին աշխարհը դարձել է ահաբեկիչների գերին։ Բայց դա խաղացողների և հանդիսատեսի խնդիրը չէ։ Դա հատուկ ծառայությունների խնդիրն է, որոնք չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։ Պետք է ուղղակի ուժեղացնել անվտանգության միջոցները»,- համոզված է Սիմոնյանը։
Բացի այդ նա հայտարարել է, որ ֆուտբոլիստները դաշտ դուրս գալիս չեն մտածում իրենց անվտանգության մասին, նրանց համար կարևոր է միայն խաղը, դրա արդյունքը։
«Հասկացեք, եթե պրոֆեսիոնալը դաշտ է դուրս գալիս, և նրան հուզում է այն հարցը, որ հանկարծ ռումբ չընկնի իր գլխին, նշանակում է` նա ֆուտբոլում անելիք չունի, նա թույլ մարդ է, դա ես ձեզ հայտարարում եմ որպես ֆուտբոլիստ»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը։
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչությունների շարք է գրանցվել։ Պայթյուններ են որոտացել օդանավակայանում և մետրոյում։ Նախնական տվյալներով` զոհվել է ավելի քան 30 մարդ։ 2015թ.-ի նոյեմբերին պայթյունների շարք է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, երբ այստեղ տեղի է ունեցել Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը։