Անկասկած, մեր հավաքականի համար մեծ կորուստ է նրա հեռանալը, սակայն այս հարցում իր դերն է խաղում ժամանակը. 42- ամյա ֆուտբոլիստն արդեն մեկ տարի է` որպես դարպասապահների մարզիչ է աշխատում է Մոսկվայի «Դինամոյում»: Իսկ թե ինչպես է Ռոմանը սկսել իր ճանապարհը ֆուտբոլում, պատմում է նրա ընկեր և նախկին թիմակից Արթուր Հարությունյանը:
— Արթուր, ինչպե՞ս հանդիպեցիք Ռոման Բերեզովսկու հետ:
— Մեր թիմը 1973-ին ծնված ֆուտբոլիստներն էին, իսկ Ռոմանը մեկ տարով փոքր էր մեզանից: Բացի այդ, առաջին մի քանի մարզումների ժամանակ Ռոմանը դարպասապահ չէր: Հետո խաղերից մեկի ժամանակ Սերգեյ Կայֆաջյանը նրան դարպասապահի դիրքը վստահեց, ու այդպես էլ սկսվեց Ռոման Բերեզովսկի դարպասապահի մարզական կարիերան: Պատանեկան տարիքում մեկ տարվա տարբերությունը շատ մեծ նշանակություն ունի, բայց Ռոմանը միշտ էլ մեր թիմի լավագույններից մեկն է եղել: Ընդ որում, մեր թիմում Բերեզովսկին բոլորից կարճահասակն էր, բայց դա չէր խանգարում, որ նա համարյա միշտ բարձր մակարդակով խաղար:
— Փաստացի դարպասապահի համար բարձր հասակ չունենալով՝ Բերեզովսկին հիմնական դարպասապահ դարձավ:
— Այո: Ռոմանը բավականին կարճ էր մեր թիմի մյուս դարպասապահից, բայց իր ճկունության ու սառնասրտության շնորհիվ միշտ էլ ինքն էր դարպասում: Պատանեկան տարիքում, կարծում եմ, պատկերացնում եք, թե ինչքան անգամ է լինում, երբ դարպասապահի հետ մրցակիցը մեն-մենակ է դուրս գալիս: Ռոմանը տասը դեպքից իննում հետ էր մղում գնդակը: Սերգեյ Կայֆաջյանը շատ լուրջ մարզումներ էր անում դարպասապահների հետ: Հիշում եմ նույնիսկ, թե սխալների համար ինչ պատիժ էր սահմանել: Դարպասապահը սխալից հետո գլխով խփում էր դարպասաձողին, իհարկե ոչ ուժեղ (ծիծաղում է):
— Իսկ ինչպիսի՞ բնավորություն ուներ:
— Միշտ հանգիստ, մեղմ: Շատ խելոք էր ու մարդամոտ: Նրա կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել ավագ եղբայրը՝ Ալեքսանդր Բերեզովսկին: Հենց ավագ եղբոր ուշադրության շնորհիվ Ռոմանը դարձավ իսկական դարպասապահ:
-Իսկ տարբերություն կա՞ր, որ Ռոմանը ռուս էր:
— Ոչ մի տարբերություն: Մեր ընկերն էր ու վերջ: Մեր թիմում միայն Ռոմանը չէր, որ ռուս էր: Թիմում էին նաև Սերգեյ Շերաչենկոն, Նիկոլայ Կարպինը: Ոչ մի տարբերություն երբեք չի եղել: Փոքր էինք, միասնական ու բոլորն էլ ընկերասեր:
— Մրցաշարերի ժամանա՞կ էլ էր աչքի ընկնում իր հուսալիությամբ:
— Խորհրդային Միության ժամանակաշրջանում մրցաշարերը շատ էին իրոք: Ու Ռոմանը շատ մրցումներում արժանանում էր լավագույն դարպասապահի համար սահմանած մրցանակին: 1985 թվականին, երբ Մոսկվայում մասնակցում էինք Վսևոլոդ Բոբրովի հուշամրցաշարին, մենք ամբողջ թիմով գումար հավաքեցինք, որպեսզի դարպասապահի ձեռնոցներ գնենք Ռոմանի համար: Ձեռնոցները հայթայթելու գործում մեզ օգնեց Մոսկվայի «Դինամոյի» այն ժամանակվա դարպասապահ Ալեքսեյ Պրուդնիկովը:Մեկ խաղ անցկացնելուց հետո Ռոմանը կորցրեց կամ էլ ձեռնոցները գողացան: Այդ կորուստը մենք երկար չմոռացանք, որովհետև շատ լավ հասկանում էինք, որ լավ ձեռնոցները դարպասապահի համար ժատ կարևոր էին (ժպտում է):
— Եղե՞լ են պահեր, երբ Ռոմանը ինչ-որ պատճառով չէր ուզում մարզվել:
— Դե բոլորի հետ էլ նման բաներ պատահում են: Ճիշտ է` Ռոմանը մեր թիմի անփոխարինելի դարպասապահն էր, բայց եղել են դրվագներ, երբ նա ընկճվում էր ու չէր ուզում մարզվել: Ես երկու անգամ Ռոմանին համոզել ու նորից մարզման եմ բերել: Մենք բոլորս էլ սիրում ու հարգում էինք Բերեզովսկուն, ու մինչև հիմա էլ մեր բարեկամական ու ընկերական հարաբերությունները պահպանվում են:
— Ռոմանի` «Զենիթ» տեղափոխվելուց հետո եղե՞լ է, որ հրավիրի քեզ իր խաղերին:
— Կոնկրետ խաղի հրավեր չի եղել, բայց ես հաճախ եմ հանդիպել Ռոմանի հետ և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ երբ Երևան էր գալիս: Հիշում եմ` 1994 թվականին, երբ Ռոմանն արդեն «Զենիթում» էր, թիմի հիմնական դարպասապահն այն ժամանակ Օկրոշիձեն էր: Մենք գնացինք «Զենիթի» մարզաբազա ու սկսեցինք հետևել մարզմանը: Երբ մարզումն ավարտվեց, Ռոմանը մնաց խաղադաշտում ու հետ էր մղում 11 մետրանոց հարվածները: «Զենիթի» աշխատակիցներից մեկն ինձ հարցրեց՝ կարո՞ղ ես գոլ խփել ընկերոջդ: Ես խաղակոշիկ հագա ու հինգից հինգ գրավեցի Բերեզովսկու դարպասը նշակետից: Հետո մենք ողջագուրվեցինք, ու բոլորը ներկաները ծափահարեցին մեզ:
— Ո՞ր խաղն էր իր կարիերայում առանձնացնում Բերեզովսկին:
— Երկու խաղ երբեք չի մոռանում Ռոմանը: 2000 թվականին Հայաստան-Ուկրաինա խաղից հետո հոգեբանական սթրեսի մեջ էր այն բանից հետո, երբ նրա հասցեին մեղադրանքներ հնչեցին, և 2011 թվականին Իռլանդիայի հավաքականին պարտվելուց հետո, երբ Ռոմանը հեռացվեց խաղադաշտից: Ես գիտեմ, որ այս երկու հանդիպումները նրա հիշողության մեջ անջնջելի հետք են թողել: Բոլոր դեպքերում Ռոման Բերեզովսկին, իմ կարծիքով, հայկական ֆուտբոլի մեջ անջնջելի հետք է թողել, ու նրան դեռ շատ երկար են հիշելու: Իսկ ես ուրախ եմ, որ ունեմ նման ընկեր ու միշտ էլ ուրախացել եմ նրա հաջողություններով՝ համարելով դրանք իմը: