ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Sputnik.Կարծիք հարցման արդյունքում ամերիկացիների, հոլանդացիների, անգլիացիների, ֆրանսիացիների, գերմանացիների և իտալացիների մեկ երրորդը կարծում է, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է։ Հարցումը Sputnik լրատվական գործակալության և ռադիոյի պատվերով անցկացվել է Populus հետազոտական ընկերության կողմից ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում, ինչպես նաև ֆրանսիական խոշոր Ifop կազմակերպության կողմից Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում։
«Ձեր կարծիքով` Ղրիմը Ռուսաստանի մա՞ս է, թե՞ ոչ» հարցին Իտալիայում հարցմանը մասնակցած բնակիչների 39%-ը և Գերմանիայում` 37%-ը համոզված է, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է։ Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում դրական պատասխան է տվել հարցվածների 33 և 32%-ը` համապատասխանաբար։ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում «այո» պատասխանել է հարցվածների 26%-ը, ընդ որում` ԱՄՆ-ում «չգիտեմ» պատասխանը տված մարդիկ ամենաշատ են` հարցվածների 42%-ը։
ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում հարցումն անցկացվել է 2016 թվականի մարտի 4-9-ը Populus խոշորագույն հետազոտական ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 3092 մարդ. 1004-ը Նիդեռլանդներում, 1085-ը Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում և 1003-ը` ԱՄՆ-ում։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի, բնակության վայրի և մասնագիտության: Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում հարցումն անցկացվել է 2016 թվականի մարտի 8-10-ը IFop ընկերության կողմից, որը Ֆրանսիայում հասարակական կարծիքի հարցումներ իրականացնող հնագույն ընկերություննէ։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 3001 մարդ. 1005-ը Ֆրանսիայից, 1002-ը Գերմանիայից և 994-ը` Իտալիայից։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի, բնակության վայրի ու մասնագիտության: Տվյալների անճշտության միջակայքը չի գերազանցում 3,1%-ը` 95% վստահության մակարդակի դեպքում:
Տեղեկանք Sputnik.Կարծիք նախագծի մասին
Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus և Ifop հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն մասնաճյուղերով։ Sputnik-ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։