Լաուրա Սարգսյան, Sputnik.
Երևանում առաջին սիմֆոնիկ երաժշտությունը հնչեց կովկասյան «եռյակի» շնորհիվ. խմբում ընդգրկվեց 10 երաժիշտ Թբիլիսիից, 30-ը` Բաքվից և 5-ը` Երևանի կոնսերվատորիայից։
Հեռավոր 1924 թվականին
1924 թվականին Երևանի կոնսերվատորիայի դասախոս Դավիթ Սոլոմոնյանը, Ռոստովից տեղափոխվելով Հայաստանի մայրաքաղաք, որոշում է «ամառային սիմֆոնիկ սեզոն» կազմակերպել Երևանում։
Այս նպատակով նա մեկնում է Թբիլիսի ու պայմանագիր կնքում արվեստի աշխատողների միության (ռաբիս` ռուսերեն «Всесоюзный профессиональный союз работников искусств» հապավումը) ներկայացուցիչների հետ, որի համաձայն` նրանք պարտավորվում էին ամռանը 10 երաժշտից բաղկացած նվագախումբ հատկացնել։
Այսպիսով` 1924 թվականին Երևանում առաջին անգամ հնչեց սիմֆոնիկ երաժշտություն, որը ներկայացրեց տարածաշրջանային նվագախումբը։ Հատկանշական է, որ Թբիլիսիի կոլեկտիվը ղեկավարում էր հայտնի հայ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը։
Երևանում Արարատի ֆոնին բացօթյա հնչեցին մեծ կոմպոզիտորներ Վագների ու Սպենդիարյանի բարդ ստեղծագործությունները։
Սպենդիարյանը կամ ֆիլհարմոնիկ նվագախմբի խորհրդանիշը
Երևանում համերգ տալու նպատակով նույն 1924 թվականին կառավարության հրավերով Հայաստան է ժամանում հայ կոմպոզիտոր ու դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանը։ Համերգի կազմակերպման համար նվագախումբ էր անհրաժեշտ, և Սպենդիարյանը դիմում է Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր Արշակ Ադամյանին, ով կոնսերվատորիայի հինգ դասախոսի է առաջարկում։
Սիմֆոնիկ նվագախմբի առաջին նախատիպը բաղկացած էր 18 երաժշտից։ Շուտով Սպենդիարյանը հավաքում է երիտասարդներին ու ստեղծում 45 հոգուց բաղկացած ուսանողական նվագախումբ։ Նրանք սկսում են սովորել նվագախմբային պարտիաներ։ Համերգից առաջ փորձերն անցկացվում էին օրը երկու անգամ։
Սպենդիարյանը միշտ երաժիշտների կողքին էր, հուշում էր, ստեղծագործություններ գրում նոր նվագախմբի համար։ Աստիճանաբար սիմֆոնիկ երաժշտություն տարածող ուսանողական կոլեկտիվը թափ է հավաքում ու նվաճում մարդկանց սերը։
Օպերային թատրոնի ճակատագիրը որոշվեց փողոցում
Նվագախումբը ձևավորվում ու աշխատում է միայն մասնակիցների եռանդի շնորհիվ մինչև 1933 թվականը, երբ Երևանում բացվեց օպերային թատրոնը։ Օպերայի առաջին տնօրեն է դառնում Մամիկոն Գևորգյանը։ Նա երաժիշտ չէր և փոխտնօրեն է նշանակում դիրիժոր Գևորգ Բուդաղյանին։
Օպերային թատրոնի ապագան, ըստ էության, որոշվեց փողոցում։ Գևորգյանն ու Բուդաղյանը, մի օր հանդիպելով, որոշեցին, որ կոնսերվատորիայի նվագախումբը պետք է սիմֆոնիկ դառնա։
Նրանց հետ միասին օպերա են տեղափոխվում նաև վոկալիստներ, ինչպես նաև կոնսերվատորիայի երկու դիրիժոր` Գևորգ Բուդաղյանն ու Սուրեն Չարիկյանը։
Ժամանակն անցնում է, սիմֆոնիկ նվագախումբը` մեծանում։ Այդ ժամանակահատվածում նվագախումբը բուռն գործունեություն է ծավալում` օպերային ներկայացումների, ֆիլհարմոնիկ համերգի համար ամեն օր փորձեր են կատարվում։ Երաժիշտները, բառի բուն իմաստով, աշխատում են օրը 24 ժամ ու շաբաթը 7 օր։
Նվագախմբի կյանքը պատերազմի տարիներին
Այդպես տևում է մինչև 1941 թվականը` Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Պատերազմից մի քանի օր առաջ մի խումբ անջատվում է ընդհանուր նվագախմբից սիմֆոնիկ ֆիլհարմոնիկ նվագախմբի կառուցվածքային ստորաբաժանման մեջ, իսկ մնացած մասը մտնում է օպերային սիմֆոնիկ նվագախմբի կազմ։
Պատերազմի սկզբում երկու նվագախմբերից երաժիշտների մի մասը բանակ է զորակոչվում։ Մնացածները միանում են ու դառնում մեկ միասնական նվագախումբ։
Արմեն Բուդաղյանը` դիրիժոր Գևորգ Բուդաղյանի որդին, մինչ օրս հիշում է, թե ինչպես մարդկանց շնչից օպերային թատրոնի դահլիճը տաքանում էր, և երբ բարձրանում էր վարագույրը, դերասանները հրճվում էին` դահլիճից տաք օդը բեմ էր բարձրանում։ Իսկ ահա երաժիշտների համար շատ դժվար էր` բեմից սառը օդը նվագախմբի մոտ էր իջնում։ Երաժիշտները նվագում էին բաց մատներով հատուկ ձեռնոցներով, իսկ դերասանները ոտքերը տաքացնում էին վառարանի մոտ, որպեսզի կարողանան բեմ դուրս գալ։ 1945 թվականի օգոստոսին` պատերազմի ավարտից հետո, նվագախումբը կրկին երկու մասի է բաժանվում։
Այդ ժամանակից սկսած Հայաստանում գործում է Պետական ֆիլհարմոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը (այժմ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ) և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։