Լաուրա Սարգսյան, Sputnik.
XVI դարի վերջից հայ հոգևորականները ցանկանում էին Հռոմի օժանդակությամբ Աստվածաշունչ տպագրել։ Հռոմը պայման դրեց. մինչև Աստվածաշունչը հայերեն տպագրելն այն պետք է թարգմանվեր լատիներեն։ Թարգմանությունն այն ժամանակվա փորձագետները պետք է համեմատեին լատինական «Վուլգատայի» հետ, միայն դրանից հետո կարելի էր տպագրել հայերեն Աստվածաշունչը։
Հետո Աստվածաշունչը պետք է ենթարկվեր նաև գրաքննության Հռոմի Կաթոլիկ եկեղեցու կողմից։
«Ամենայն Հայոց Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը վանական Մաթևոս Սարեցուն հանձնարարում է զբաղվել հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրության հարցերով։ Սարեցին, կաթոլիկներ կողմից հալածանքների ենթարկվելով, որոշում է Աստվածաշունչը տպագրել Հոլանդիայում։ Ընդ որում` պետք է այնպիսի գիրք տպագրվեր, որը կգոհացներ ինչպես Հռոմին, այնպես էլ կաթոլիկ հայերին։ Աստվածաշունչը պետք է համախմբեր ողջ հայ ժողովրդին», — Sputnik Արմենիա պորտալի թղթակցին պատմեց «Ոսկան Վարդապետ Երևանցի. կյանքը և տպագրական գործունեությունը» գրքի հեղինակ Վարդան Դևրիկյանը։
Շուտով Սարեցին հիվանդանում է։ Նա հասցնում է Էջմիածին լուր ուղարկել, որ Հոլանդիայում տպարան է ձեռք բերել։ Այս մասին իմանալով` Կաթողիկոսը Հոլանդիա է ուղարկում Ոսկան Երևանցուն։
Դևրիկյանի խոսքով` Հոլանդիան այն ժամանակ կիսաբողոքական բարեփոխումների երկիր էր, որտեղ Կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը շատ թույլ էր։ Սրա հետ մեկտեղ Հոլանդիան Եվրոպական գրատպության կենտրոններից մեկն էր։ Ելքը դեպի ծով թույլ էր տալիս նավերով տպագիր գրքեր տեղափոխել Պոլսից Զմյուռնիա։
Այն ժամանակ հայ հոգևորականները փորձում էին հրատարակել Աստվածաշունչը, քանի որ ձեռագրի տարածումը բավական թանկ հաճույք էր, իսկ տպագիր արտադրանքն ավելի էժան էր ու արագ կարելի էր տարածել։
Ոսկանն արդեն երիտասարդ տարիներին Էջմիածնում մշակում էր տպագիր Աստվածաշնչի տարբերակը` փորձելով ապագա գրքին իսկական հայկական շունչ հաղորդել։ Նա ահռելի աշխատանք է տանում Աստվածաշունչը տպագրելու համար։
«Արդյունքում Հոլանդիայում 1666 թվականին Ոսկանը կարողանում է շարունակել Սարեցու գործն ու վերջապես տպագրել հայերեն Աստվածաշնչի առաջին օրինակները։ Յուրաքանչյուր օրինակ դառնում է արվեստի յուրահատուկ ստեղծագործություն։ Երևանցին աշխատանքներում ներգրավում է եվրոպացի փորագրողներին, ովքեր յուրաքանչյուր գրքի վրա հայկական զարդանախշեր, փորագրություններ են անում», — պարզաբանեց Դևրիկյանը։
350 տարի անց առաջին տպագիր Աստվածաշունչը զարմացնում է իր ստեղծագործական բարձր լուծումներով ու բովանդակության գրագետ շարադրմամբ։ Հազարավոր օրինակների թվում կային նաև երկաթե ու կաշվե կազմով գրքեր։
Ոսկան Երևանցին գրքերից մեկն ուղարկում է Լյուդովիկոս XIV-ին։ Ֆրանսիայի թագավորի կողմից նա արժանանում է հատուկ շնորհակալության։ Այսօր այդ օրինակը պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում։ Լյուդովիկոսն, Աստվածաշնչով հիացած, Ոսկանին թույլ է տալիս Մարսելում տպարան բացել։
Երկրորդ օրինակը Ոսկանն ուղարկում է Հռոմի Պապին, ով նույնպես հիանում է և Ոսկանին թույլատրում է տպարան բացել Իտալիայի քաղաքներից մեկում։
Առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակումով հայկական տպագրությունը նոր որակ ստացավ։ Այդպիսով` իրականացավ հայերի երազանքը` տեսնել հայերեն Աստվածաշնչի տպագիր տարբերակը։