Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր, Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը հարցազրույց է տվել ՀԱՕԿ լրատվականին։
-Ռոման, Վեգասում կայացած աշխարհի առաջնությունից հետո շատերը կարծում էին, որ մեծ սպորտից հեռանալու քո ժամանակը եկել է: Այստեղ դու բոլորին ապացուցեցիր, որ դեռ շուտ է քեզ թոշակի ուղարկելը: Ի՞նչը քեզ օգնեց:
— Կար ժամանակ, որ արծաթե մեդալ նվաճելուց շատ էի տխրում, բայց այսօր Եվրոպայի արծաթե մեդալն ինձ համար գոհացնող և ուրախացնող է: Այս մեդալն ինձ վստահություն տվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից առաջ:
- Քո հիմնական մրցակիցները երիտասարդ ըմբիշներ էին: Քեզ ավելի շատ փո՞րձն օգնեց նրանց հաղթել, թե՞ մեդալ նվաճելու ձգտումը:
— Երկուսը մեկում (ծիծաղում է): Ճիշտ է, նրանք երիտասարդ են, բայց նրանք նույնպես հաղթանակի մեծ ձգտում ունեն, և նրանց հետ գոտեմարտերի ժամանակ այսպես ասած կռիվ տալով եմ հաղթել, այլ կերպ չէր հաջողվի նրանց հանդեպ առավելության հասնել: Բացեր կային իմ գոտեմարտերում, որոնց վրա պետք է աշխատեմ մինչև վարկանիշայի մրցաշարերը:
-Խոսեցինք երիտասարդ ըմբիշների մասին: Ռոման, մեր հավաքականում կա՞ն քեզ արժանի փոխարինողներ:
— Ես շատ եմ ցանկանում, որ այդ քաշում մենք ունենանք ուժեղ մարզիկներ՝ աշխարհի մակարդակով: Թեթև քաշում մենք հարուստ և հաղթական պատմություն ունենք: Լավ տղաներ կան, օրինակ` Գևորգը Ղարիբյան և էլի տղաներ: Ինչով կկարողանամ, կօգնեմ նրանց:
— Այդ մասին դեռ չեմ մտածում: Գլխումս միայն վարկանիշային մրցաշարերն են, ուղեգիր ձեռք բերելը և Ռիո մեկնելը: Դա է իմ նպատակը: