ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Այսօր Հայաստանում գործում են բնակարանով ապահովելու որոշ ծրագրեր՝ ըստ մարդկանց սոցիալական կարգավիճակի, ունեցվածքի և հնարավորությունների, ըստ տարիքի և ըստ որոշակի սոցիալական խմբերի կամ մասնագիտությունների։ «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը» տարբերվում է նմանատիպ բոլոր ծրագրերից, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը։
«Առաջինը` տարիքային որևէ սահմանափակում չենք առաջարկել։ Երկրորդ` ծրագրում գերիշխում է «առանց կանխավճար» տարբերակը։ Երրորդ առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է բնակարանային ապահովման ծրագրի տարբեր ենթածրագրերի շրջանակում ստեղծել սոցիալական բնակարանային ֆոնդ, որը հասանելի կլինի սոցիալապես անապահով ընտանիքիներին, որպեսզի նույնիսկ չվճարելու դեպքում ընտանիքը չհայտնվի դրսում»,- նշեց Sputnik Արմենիա ռադիոկայանի հյուրը։
Ծրագրի նախագիծը դեռ չի հաստատվել. որոշակի ընթացակարգեր պետք է անցնի: Նախագծային տարբերակում առաջարկվել է ընդգրկել որոշակի սոցիալական թիրախային խմբեր: Վանիկ Բաբաջանյանը թվեց դրանք՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շարքը դասվող անձինք, ընտանեկան անապահովության համակարգում հաշվառված անձինք (պարտադիր չէ, որ նպաստառու լինեն), զոհված կամ հաշմանդամ ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներ, զինծառայողներ, որոնք ՊՆ-ի համակարգում գործող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակում հաշվառվել են, բայց բնակարան չեն ստացել, ՊՆ-ի համակարգից թոշակի անցած անձինք, որոնք նույնպես հաշվառված են եղել, բայց բնակարան չեն ստացել, և մինչև 5 հարյուր հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքներ։ Առաջնահերթություն է տրվելու նրանց, ովքեր ընդհանրապես կացարան չունեն։
Նախագծով առաջարկվում է, որ շահառուները բնակարանի գումարը վճարեն 10-ից 30 տարվա ընթացքում։
«Առանձին ենթածրագրերի մասով պետական կոշտ միջամտություն է ենթադրվում, և դրա շրջանակում տոկոսադրույքներ չկան, մյուս ենթածրագրերում առաջարկվում է այսօր առկա որոշակի կառուցակարգերի խառնուրդ, որը կարող է լինել տոկոսների մասնակի սուբսիդավորումը և աշխատող քաղաքացու եկամտահարկի վերադարձը»,- ասաց Բաբաջանյանը: Ըստ նրա՝ հաշվարկները ցույց են տալիս, որ 20-30 տարին ողջամիտ ժամկետ է, և միջին եկամուտ ունեցող ընտանիքները կարող են այդ ընթացքում վճարել բնակարանի գումարը։
Ծրագրով հետաքրքրված անձանց բնականաբար հուզում է նաև այն հարցը, թե արդյո՞ք ծրագրում ներառվել են կոնկրետ շենքեր ու տարածքներ, և ի՞նչ ճանապարհով է իրականացվելու բնակարան գնելու գործըթնացը:
«Բնակարանը գնելու և տրամադրելու է պետությունը՝ բնականաբար խստորեն առաջնորդվելով տարածքային անհամաչափ բաշխվածության մեղմացման տեսանկյունից: Ինչո՞ւ բնակչության երեսուն տոկոսից ավելին կենտրոնանա Երևանում, երբ մենք ունենք մարզեր, և կա մարզերի համաչափ զարգացման խնդիր»,- ասաց Բաբաջանյանը:
Բնակարանի տեղորոշման հավանական վայր կարող են դիտվել Երևանից դուրս գտնվող բնակավայրերը, քանի որ առաջարկվել են 10-ից մինչև 15 միլիոն դրամ արժեցող բնակարաններ` կախված ենթածրագրերից։ Իսկ Երևանում, հատկապես քաղաքի կենտրոնական մասերում այդ գնով պարզապես հնարավոր չէ բնակարան գնել: Նախագծի ենթածրագրերով նախատեսված է նաև բնակարանաշինություն, այսինքն շահառուն կարող բնակարան գնել նորակառույց շենքում:
«Երբ բնակարանով ապահովման ենթակա անձը կստանա պետական երաշխիք, համաձայնություն, նրա կարիքները կգնահատվեն, և այդ կարիքները կհամապատասխանեն մեր սահմանած չափորոշիչներին, ընտանիքը կընտրի շենքը, բնակարանը»,- ասաց Բաբաջանյանը։
Ընտրությունն ազատ է, բայց կիսակառույցների մասին դեռ չի խոսվում։ Այս հարցը կարող է քննարկվել ժամանակի ընթացքում, քանի որ մասնագիտական լուրջ զննումների կարիք ունի։
Մեծ հաշվով, հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը լինելու է երիտասարդ բազմազավակ ընտանիքիների աջակցությունը։
«Հիմնադրամը խրախուսելու է այդ ընտանիքների ինքնաապահովումը։ Ոչ թե ձուկ տանք ուտելու, այլ ձկան կարթ տանք, որ նրանք կարողանան հետագայում ինքնուրույն ապահովել իրենց կեցությունը»,- ասաց Վանիկ Բաբաջանյանը։