ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Միջադեպի պատճառով Ջիվանու և Շերամի արձանները լուրջ վնասվել են: Քանդակի հեղինակ Արտուշ Պապոյանը news.am-ին ասել է, որ կոտրվել են արձանների ոտքերն ու ձեռքերը, մի շարք վնասված տեղեր կան:
«Ձեռքերն են պոկվել, ճեղքվածքներ կան, մարմնի հատվածը դեֆորմացված է, ոտքն է պոկվել, գլուխը վնասված է, մանր շատ բաներ կան վնասված: Պետք է երկուսը իրար հետ համադրվի, այնպես արվի, որ հանկարծ դեֆորմացիաները իրար չխանգարեն»-ասել է Արտուշ Պապոյանը՝ նշելով, որ ինքը վնասվածքների վերաբերյալ վերջնական եզրակացություն կարող է տալ միայն արձանների վիճակն ավելի խորը ուսումնասիրելուց հետո:
Քանդակագործը նշեց, որ վնասի չափը կորոշի ԱՊՊԱ գործակալությունը, վերականգնման աշխատանքները կսկսվեն, երբ գործակալության եզրակացությունը պատրաստ լինի:
«Վերականգնողական բարդ աշխատանք է լինելու: Ես դեռ ձեռք չեմ տվել, քանի որ իրավական փաստաթղթեր պետք է լրացվեն, նայեն՝ ինչ աստիճանի վնասվածքներ են, ինչ գումարի չափով»- ասաց Արտուշ Պապոյանը՝ նշելով, որ արձանների վնասված հատվածները կամ պետք է վերականգնվեն, կամ նորը պատրաստվեն:
Արտուշ Պապոյանը արձանները քանդակել է 2006 թ.-ին: Դրանք տեղադրվել էին Գյումրու կենտրոնական զբոսայգու դիմաց: