ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստի ժամանակ 5 րոպե ընդմիջում հայտարարվեց։ Բուժզննումից պարզ դարձավ, որ մեղադրյալ Վալերի Պերմյակովի մոտ արյան ճնշման տատանում է նկատվել: Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը դատը հետաձգեց մինչև հաջորդ ուրբաթ՝ մարտի 18-ը:
Հաջորդ նիստի ժամանակ կշարունակվի գործի փաստաթղթերի հրապարակման փուլը: Մարտի 11-ին մեկնարկած փուլի ժամանակ ներկայացվեց 26 հատորից բաղկացած փաստաթղթային փաթեթներից միայն 4-ը, որոնց մեջ ներկայացված էին դեպքի վայրի զննության, արձանագրությունների որոշումների փորձագիտական եզրակացությունների միայն մի մասը: Հրապարակվեցին նաև լուսանկարներ` սպանության վայրից:
Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։