ԵՐԵՎԱՆ, 11 մարտի-Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ու ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ Նարիշկինը մտավ Արտակարգ իրավիճակների նախարարություն: ՃԿԿ պետ Հովհաննես Խանգելդյանը նրանց ցուցադրեց կենտրոնի՝ օպերատիվ արձագանքման համար նախատեսված տեխնիկական հնարավորությունները։ Ու երբ հասավ Թուրքիայի քարտեզը պատկերող էկրանին, ասաց.
«Տեսեք, հենց այս պահին Թուրքիայում երկրաշարժ գրանցվեց»։
Կենտրոնի հնարավորությունների վերաբերյալ տեղեկությունները լսելուց հետո Նարիշկինը հետաքրքրվեց.
«Իսկ այսօր ի՞նչ արտակարգ պատահար է եղել, որի մասին կարող եք պատմել»:
Խանգելդյանն էլ պատասխանեց, որ օրը համեմատաբար խաղաղ էր, ու լուրջ արտակարգ դեպք «բարեբախտաբար չի արձանագրվել»:
Պատասխանին հաջորդեց Նարիշկինի հաջորդ հարցը.
«Ունե՞ք վիճակագրություն, թե առավել հաճախ Հայաստանում ինչ բնույթի արտակարգ պատահարներ են լինում»:
ՃԿԿ պետն ասաց, որ գերակշռում են ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնց հաջորդում են թունավորումները:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի մասին առավել լավ պատկերացում կազմելու համար ներկաներին առաջարկվեց կարճ տեսահոլովակ դիտել:
Այն ներկայացնում էր նախապատմությունը, թե ինչպես Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանը դասեր քաղեց: Փրկարարական ուժեր ներկրող երկրից դարձանք արտահանող երկիր: Մի քանի րոպեում ներկաների ուշադրությունը հրավիրվեց հայ փրկարարների պրոֆեսիոնալ աշխատանքի վրա: Բացի այդ տեսաֆիլմում հատվածներ կային 2010 թվականից, երբ Դմիտրի Մեդվեդևը հայ փրկարարներին պարգևատրեց Ռուսաստանի անտառային հրդեհների ժամանակ ցուցաբերած արիության ու աջակցության համար:
Վերջում Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն հայտնեց ու մաղթեց արդյունավետ աշխատանք: Նա իր ուղեկցող խմբի հետ ուղղվեց դեպի կոնյակի գործարան: