ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մարմնամարզության Հայաստանի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտան աղջիկները, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ըստ հաղորդագրության` բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը, ով հավաքեց 47,5 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գայանե Սիրականյանը՝ 47,2 միավորով:
Մրցանակային երրորդ տեղում Ինեսա Ջաղինյանն է՝ 43,7 միավորով:
«Մենք արդեն ունենք մեր հավաքական թիմերը, սակայն առաջնություն հետո կվերանայենք, կարող է և փոփոխություն լինի: Առաջիկայում պլանավորում են մասնակցել մեկ մրցաշարի Վրաստանի Բաթումի քաղաքում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չատրջյանը:
Հայաստանի առաջնությանը մասնակցում է 23 աղջիկ Երևանից, Գյումրուց և Էջմիածնից: Մարտի 11-ին կկայանա աղջիկների եզրափակիչը՝ առանձին գործիքների վրա: