ԵՐԵՎԱՆ, 11 մարտի- Sputnik. Ուրբաթ օրը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նիստը` ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի նախագահությամբ, հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ դիտորդները, քարտուղարության ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Մասնակիցները կքննարկեն միջազգային և հավաքական անվտանգության արդի հարցերը, կազմակերպության ընթացիկ գործունեության ուղղությունները։
«ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անդամները ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկեն կովկասյան տարածաշրջանում ընթացիկ ռազմաքաղաքական իրադրությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես հաղորդել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նաև վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, նշել է, որ նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրներ։ Կենտրոնական թեմաներից մեկը կլինի ահաբեկչության և ծայրահեղական սպառնալիքներին հակազդեցությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակը։ Նա նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հիմնավորված է և համապատասխանում է նրա պետական շահերին։ «ՀԱՊԿ-ի անդամ լինելը բխում է մեր շահերից։ Ավելին, Հայաստանը` որպես կազմակերպությունում նախագահող երկիր, դեռ շատ անելիքներ ունի նրա ամրապնդման համար»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակը։
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից բացի նախատեսվում է, որ ռուս խորհրդարանականների պատվիրակությունը Նարիշկինի գլխավորությամբ ծաղիկներ կդնի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, կայցելի Սերգեյ Փարաջանովի թանգարան, ԱԻՆ կենտրոն, 102-րդ ռուսական ռազմակայան։
ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին է փոխանցել 2015 թվականի սեպտեմբերին։
ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002թ.-ին, և այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Նախկինում կազմակերպության անդամ է եղել նաև Ուզբեկստանը, բայց 2012թ.-ից նա այլևս կազմակերպության մեջ չի մտնում։ ՀԱՊԿ-ի անդամակցությունը Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն իրագործվում է անդամ պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ։