ԵՐԵՎԱՆ, 10 մարտի- Sputnik. Հազարավոր կանանց սերն ու հիացմունքը չեն փրկել 30-ամյա ամերիկացի Ջերեմի Միքսին բանտից, սակայն իր արտաքինի շնորհիվ նրան հաջողվել է կապ հաստատել մոդելային գործակալությունների հետ, հաղորդում է Վեստին։
Այն բանից հետո, երբ նրա լուսանկարը հայտնվեց սոցցանցերում, այն հարյուր հազարավոր լայքեր ունեցավ, և Միքսին սկսեցին անվանել ԱՄՆ-ի ամենագեղեցիկ հանցագործ։
2014թ.-ի ամռանը Միքսին մեղավոր ճանաչեցին անօրինական կերպով զենք պահելու մեջ և դատապարտեցին ազատազրկման։ Սակայն բանտարկության ընթացքում նա սկսեց առաջարկներ ստանալ մոդելային գործակալություններից և հոլիվուդյան պրոդյուսերներից։
Հանցագործը պայմանագրեր է ստորագրել երկու հոլիվուդյան պրոդյուսերների հետ, որոնք պատրաստվել են առաջարկել նրան մասնակցել ամսական 30-100 հազար դոլար եկամտով տարբեր նախագծերի։ Առայժմ անհայտ է, թե ուժի մեջ կմնա՞ն արդյոք համաձայնությունները Միքսի ազատ արձակվելուց հետո։
Օրերս նա ազատվել է բանտից և մտադիր է միանգամից պոդիում բարձրանալ։ Միքսը հույս ունի, որ նոր աշխատանքը կօգնի դեպի լավը փոխել իր կյանքը և օգնել ընտանիքին։
Կալիֆոռնիայի Սթոքթոն քաղաքում Ջերեմի Միքսի ձերբակալությունը ֆիքսած լուսանկարը մեկ շաբաթում հավաքել է ավելի քան 96 հազար լայք և տարածվել 12,5 հազար անգամ։ Միքսի երկրպագուները նույնիսկ էջ են բացել և սկսել փող հավաքել` նրան բանտից ազատ արձակելու համար։
Դատարանի որոշման համաձայն` Միքսը նաև կանցնի 500 ժամ տևողությամբ վերականգնողական ծրագիր, որը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք արգելված դեղամիջոցների նկատմամբ հակում ունեն։