ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Բանակցություններ են ընթանում իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու շուրջ: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Վրաստանը ձգտում է Իրանից գազ ստանալ: Եվ շատ կարևոր է այստեղ մեր դերակատարումը, որպեսզի կարողանանք այդ տարանցիկ երկիրը լինենք մենք: Գազամուղը ունենք, հնարավորությունները կան»,- ասաց Վարդան Այվազյանը:
Վրաստանի գազի տարեկան սպառումը կազմում է 3.2 մլրդ խմ, որի հնարավորությունը Վարդան Այվազյանի խոսքով, Իրան-Հայաստան գազամուղն ունի: Այդուհանդերձ, տնտեսական շահերից զատ գոյություն ունեն աշխարհաքաղաքական շահեր, որոնք կարող են շատ ավելի վճռորոշ լինեն վերջնական որոշում կայացնելիս: «Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան կապի և ռազմավարական գործընկերության արժեքը կարող է շատ ավելի բարձր լինել, քան այս գծի»,-ասաց պատգամավորը:
Վարդան Այվազյանի ընդդիմախոս, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ հակադարձեց, թե ինչո՞ւ այդ պարագայում Հայաստանն էլ չի մտնում բանակցությունների մեջ ու իր շահերի դիտակետից չի մոտենում հարցին: Ի պատասխան Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Իրանը Հայաստանին ռուսական գազից ավելի թանկ գազ է առաջարկում: «Ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ որևէ մեկը պաշտոնապես Հայաստանին ավելի էժան գազ առաջարկի: Պաշտոնապես մենք որևէ առաջարկ չենք ստացել»,¬- ասաց Վ. Այվազյանը:
Իսկ ինչ վերաբերում է Իրանից Վրաստան Հայաստանի տարածքով գազ տարանցելու դիմաց Իրանից էժան գազ ստանալու հնարավորությանը, Վարդան Այվազյանն ասաց.
«Եթե մենք կարողանանք բանակցել և կարողացանք իրանական գազը Հայաստանով տեղափոխել, հասցնել Վրաստան, բնականաբար մենք կստանանք, բայց այդ քանակությամբ գազ մենք չենք կարող ստանալ»:
Բանն այն է, որ Իրան- Հայաստան գազամուղի առավելագույն տարողությունը, Վարդան Այվազյանի խոսքով, 3-3.2 մլրդ խմ է, այսինքն այնքան, որքան գազ է անհրաժեշտ միայն Վրաստանին: Հետևաբար Հայաստանն այս ծավալից օգտվել չի կարողանա: