ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. «Ինչու՝ ոչ». ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին լրագրողների հարցին այսպես պատասխանեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ այդ դեպքում, սակայն, կմնա միայն ԲՀԿ շարքերում:
«ԲՀԿ-ում տարանջատման, ինքնամաքրման պրոցես է սկսվել: Այնտեղ կան վաստակաշատ մարդիկ քաղաքական պրոցեսում, որոնք մնում են: Օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանը»,- նկատեց Բոստանջյանը` միաժամանակ, չթաքցնելով, որ կուսակցությունում շատ են նաև մարդիկ, ովքեր «դիրքավորվելու», «պորտֆելներ ստանալու» հավակնություններ ունեին ու հիմա, երբ ԲՀԿ-ն մնաց ընդդիմադիր դաշտում, լքում են կուսակցությունը:
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը չցանկացավ գնահատականներ տալ գործընկեր կուսակցությունում տեղի ունեցող գործընթացներին՝ մաղթելով միայն լավը:
Վարդան Բոստանջյանը, սակայն, հակադարձեց գործընկերոջ անկեղծությանը թերահավատությամբ և, Հանրապետականին ակնարկելով, ասաց. «Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքական դաշտն ամայացնեն, և հարմար գտան, որ մեր առաջնորդը դադարեր քաղաքականությամբ զբաղվել»: