ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել, որպեսզի պահպանի հավասարակշռությունը տարածաշրջանում և նոր թեժացում թույլ չտա, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ադրբեջանը վերջին տարիներին բազմաթիվ անգամ մեծացրել է ռազմական ծախսերը։ Մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, մեր միջև շատ սերտ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատված։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում, առաջին հերթին, մեր ռազմավարական դաշնակցից, մենք հետագայում նույնպես ռազմատեխնիկական առումով սերտորեն համագործակցելու ենք Ռուսաստանի հետ»,- ասել է Նալբանդյանը` մեկնաբանելով Զախարովայի հայտարարությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանին զենք առաքելու հետ կապված Բաքվի նոտայի մասին տեղեկատվությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը սպառազինություններ է մատակարարում ինչպես Հայաստանին, այնպես էլ` Ադրբեջանին` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Նրա խոսքով` Ռուսաստանը` որպես զենքի խոշորագույն արտադրող, վաճառում է այն տարբեր երկրներին, դա բնական է։ Սակայն նրա խոսքով` Հայաստանը չի կարող «հիանալ» այն փաստով, որ Ադրբեջանը զենք է գնում և միաժամանակ սպառնում նոր պատերազմ սանձազերծել։
«Եվ մեզ չի կարող դուր գալ, որ զենքերը գնում է մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է ներդնում Հայաստանի հետ՝ այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության համար»,- հայտարարել է Նալբանդյանը։ Նախարարը նաև նշել է, որ պատերազմը հակամարտության կարգավորման ուղի չէ, և Հայաստանը միշտ բարձր է գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
«Մինսկի խմբի համանախագահները, թեև փորձում են չեզոք դիրքորոշում զբաղեցնել, այնուհանդերձ անցած տարի ստիպված են եղել մի քանի հայտարարություն անել և դատապարտել ծանր սպառազինության և հրետանու օգտագործումը` կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմ։ Հայաստանը համաձայնել է հետաքննության մեխանիզմ ստեղծել սահմանին գրանցվող խախտումներն ուսումնասիրելու համար»,- ասել է նա։
Նալբանդյանի խոսքով` այդ մեխանիզմը չի կարող հետագա թեժացումը կանխելու գործիք դառնալ ։ «Ադրբեջանը շարունակում է սադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, շարունակում է ծանր հրետանի օգտագործել, գնդակոծել քաղաքական օբյեկտները։ Բաքուն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմներից, շփման գծից դիպուկահարներին հեռացնելուց, ինչպես նաև 1994 մայիսին հրադադարի անժամկետ ռեժիմի մասին եռակողմ համաձայնությանը և 1995թ.-ի փետրվարին հրադադարի ռեժիմի ամրապնդմանը հետևելուց»,- ասել է նա։ Նալբանդյանի խոսքով` այն, որ լուծումը մինչև հիմա դեռ չի գտնվել, ո՛չ Հայաստանի մեղքն է, ո՛չ էլ միջնորդներինը։
«Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորման գնալ համանախագահների առաջարկների հիման վրա։ Իսկ Ադրբեջանն այդ առաջարկների համար քննադատում է հենց համանախագահներին։ Բաքուն նրանց անգամ իսլամաֆոբիայի համար է մեղադրում՝ հայտարարելով, թե անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ նրանք Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում։ Երևում է` Ադրբեջանում սխալ են հասկանում միջնորդության դերը։ Միջնորդների ջանքերը պետք է ուղղված լինեն նախ երկխոսության հաստատմանը, հանդիպումներ կազմակերպելուն, կողմերի դիրքորոշումները մոտեցնելուն, այլ ոչ այս կամ այն կողմին ճնշելուն»,- ասել է նա։
ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով` ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի դեպքն է, երբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, միասնական մոտեցում ունեն կարգավորման հարցում։ Նրանք հստակ առաջարկությամբ են հանդես եկել, որոնց հիման վրա կարելի է գտնել հակամարտության լուծումը։ «Բանակցություններն այլընտրանք չունեն, և մենք համանախագահների հետ միասին ջանքեր կգործադրենք` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշել է Նալբանդյանը։