ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2016»-ի ռուս մասնակից Սերգեյ Լազարևը Ստոկհոլմում անցկացվող մրցույթում ներկայացնելու է «You are the only one» երգը, որի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում:
Երգի պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել է հույն երգահան Դիմիտրիս Կոնտոպուլոսը, որը Ֆիլիպ Կիրկորովի հետ հանդիսանում է նաև երաժշտության համահեղինակը։ Երգի բառերը գրել են բրիտանացի Ջոն Բալարդն ու շվեդ Ռալֆ Չարլին։ Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Չերեպկովը։
Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ — 2015»-ի հաղթող Մանս Զելմերլոուն մրցույթը տեղափոխեց իր հայրենիք՝ Շվեդիա: Մայրաքաղաք Ստոկհոլմն արդեն երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը՝ 1975թ.-ին և 2000թ.-ին: «Եվրատեսիլ — 2016» —ը կանցկացվի մայրաքաղաքի հանրաճանաչ «Գլոբ» համերգասրահում: Մրցույթին մասնակցելու է 43 երկիր: Այս ցուցանիշը մրցույթի համար կլինի ամենամասշտաբայինը՝ կրկնելով 2008 և 2011թթ.-ին սահմանված ռեկորդը:
Մրցույթի ամենամեծ փոփոխություններից մեկն այն է, որ «Մեծ հնգյակի» երկրները (Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և հյուրընկալող երկիր Շվեդիան) կմասնակցեն և կքվեարկեն կիսաեզրափակիչներում: Այս տարի մրցույթին կրկին կմասնակցեն Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան, Խորվաթիան և Բուլղարիան: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: