Լաուրա Սարգսյան, Sputnik.
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ տոնական տրամադրություն էր տիրում: Կանանց ծաղիկներ էին բաժանում, իսկ նրանք էլ կայծկլտացող աչքերով իրենց տեղն էին փնտրում դահլիճում ու, հարմար տեղավորվելով, սպասում համերգի մեկնարկին: Դահլիճում ավելի քան հազար կին կար, նրանց թվում նաև՝ առաջին տիկինը: «Ռուսաստանի ոսկե ձայն» համարվող Նիկոլայ Բասկովը ծաղիկների վերաբերյալ կատակեց. «Թեև ծաղիկներն արհեստական են, սակայն մի առավելություն ունեն՝ կարող են արձակել այն օծանելիքի բույրը, որով կօծեք դրանք»:
«Ցավոք, իմ ողջ կյանքում մարտի 8-ը ոչ մի կերպ չի տպավորվել ու չի հիշվել: Իմ պատանեկությունն անցել է մարտի դաշտում, որտեղ ժամանակ չկար տոների մասին հիշելու: Իսկ հիմա ես հաճույքով կունկնդրեմ Բասկովի «Շարմանկա» երգը», — Sputnik Արմենիա թղթակցի հետ զրույցում նշեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը:
Հանդիսատեսը բուռն ծափողջույներով դիմավորեց երեկոյի գլխավոր տղամարդուն, որն իր երգերից յուրաքանչյուրը համեմում էր տարբեր հուշերով:
«Մի անգամ «Նոր ալիք» մրցույթի ժամանակ ես մտազբաղ անցնում էի շարքերով, հետո կանգ առա, շրջվեցի ու տեսնեմ մեկն ինձ ուշադիր նայում ու ժպտում է: Ռիտա Ալեքսանդրովնա, հիշու՞մ եք, թե ինչպես ես ծնկի եկա ձեր առջև, այն ժամանակ ամբողջ դահլիճը մեզ էր նայում», — պատմեց Բասկովն ու ծաղիկներ մեկնեց Ռիտա Սարգսյանին:
Օ˜, կանայք: Լիակատար երջանկության համար նրանց շատ բան պետք չէ, բավական է Բասկովը հայերեն երգի իր հայտնի երգերից որևէ մեկը: Իսկ նա մեկի փոխարեն երկուսը երգեց: Համերգից հետո էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա «հարգանքի քայլ է այն երկրի նկատմամբ, որտեղ ելույթ ես ունենում», ու լրագրողներին վստահեցրեց, որ հայկական երգերն առաջին անգամ էր կատարում:
Եթե նա առաջին անգամ էր հայերեն երգում, ապա հայկական հյուրասիրությունը Նիկոլայ Բասկովին վաղուց էր ծանոթ: Ինչպես պարզվեց, նա մտերիմ հարաբերություններ ունի հայաստանցի մի ընտանիքի հետ, որի հետ երգիչը ծանոթացել է Բարսելոնայում:
«2001 թվականի փետրվարի 1-ին մեր թոռան ծննդյան օրվա կապակցությամբ Բասկովին մեր տուն հրավիրեցինք: Մեր հարաբերությունները ջերմացան, ավելի լավ ճանաչեցինք իրար ու ընկերներ դարձանք»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սուսաննա Հարությունյանն ու ավելացրեց, որ աստղի հետ ծանոթանալու փաստն այնքան անձնական ու ընտանեկան գործ է, որ նրանք այդ մասին պատմել չեն կարող առանց Բասկովի թույլտվության:
Նման դեպքերում երևի տարօրինակ չի հնչի այն միտքը, թե գուցե Բասկո՞վն էլ է հայ, առավել ևս, որ նա Հարությունյանների երեխաների մասին խոսելիս կատակեց` նրանք իր զարմիկներն են: Գուցե հենց այս գաղտնիքն են թաքցնում Բասկովի հայ մտերիմները: Սակայն, ցավոք կամ ի ուրախություն, Նիկոլայ Բասկովը հայ չէ:
Ինչպես և սպասվում էր, Բասկովը տոնական երեկոն ավարտեց «Շարմանկա» երգով, իսկ կանայք տուն գնացին արհեստական հովտաշուշանը ձեռքին ու բարձր տրամադրությամբ` Առաջին տիկնոջը շնորհակալություն հայտնելով տոնական երեկոյի համար: