ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Պոտենցիալ վտանգ ներկայացնող 2013 TX68 աստերոիդը երկրին կմոտենա կանանց միջազգային օրը` մարտի 8-ին, և կարող է անցնել երկրի մակերևույթից ընդամենը 23 հազար կմ հեռավորության վրա, հայտնում է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան։
«Նախորդ ամիսներին ու շաբաթներին մենք գիտեինք, որ այդ աստերոիդը Երկրի համար առանց որևէ վտանգի կանցնի մարտի սկզբին։ Այժմ մենք լրացուցիչ տեղեկություն ենք ստացել դրա հետագծի վերաբերյալ, ինչը թույլ տվեց ավելի լավ հաշվարկել դրա հետագա ընթացքը։ Այդ տվյալները ցույց տվեցին, որ այդ աստերոիդը կանցնի Երկրից ավելի մեծ հեռավորության վրա, քան մենք կարծում էինք մինչ այդ», — հայտնել է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի երկրին մոտ գտնվող աստերոիդների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Paul Chodas-ը։
Չոդասի խոսքով` 2013 TX68 հետագծի նոր տվյալներն օգնեցին աստղագետներին պարզել, որ այն կմոտենա Երկրին ոչ թե մարտի 6-ին, ինչպես սպասվում էր, այլ մարտի 8-ին, ինչպես նաև բացահայտել մեր երկրի ու աստերոիդի «հանդիպման» երկու հնարավոր սցենարները։
Ըստ առաջին վարկածի, որն առավել անվտանգ է, այդ օբյեկտը կանցնի Երկրից բավական մեծ հեռավորության վրա` մոտավորապես 5 մլն կմ նրա մակերևույթից, ինչը 12.6 անգամ ավելի է, քան Լուսնի ու Երկրի միջև եղած հեռավորությունը։
Երկրորդ սցենարի համաձայն, որն ավելի անհավանական է, աստերոիդը կարող է անցնել Երկրի մակերևույթից 24 հազար կմ հեռավորության վրա։ Ինչպես նշում են գիտնականները, այդ դեպքում աստերոիդի հետ «հանդիպումը» որևէ լուրջ հետևանք չի ունենա։ Բացի այդ, երկրին մոտ գտնվող աստերոիդների ուսումնասիրման կենտրոնի գնահատականների համաձայն` 2013 TX68-ը վտանգ չի ներկայացնի մեր մոլորակի համար ամենաքիչը հաջորդ հարյուրամյակի ընթացքում։
«Ոչ ոք մտավախություն չպետք է ունենա աստերոիդի հետ կապված, բացառությամբ աստղագիտության այն սիրահարների, ովքեր կցանկանան այն տեսնել։ Աստերոիդը տեսնելու հնարավորությունը բավական փոքր է, իսկ այժմ այն ավելի է փոքրացել, քանի որ աստերոիդը Երկրից ավելի հեռու կանցնի, քան մենք կարծում էինք, ինչը կնվազեցնի դրա տեսանելիությունը», — ասել է Չոդասը։