Լաուրա Սարգսյան, Sputnik.
Մեր մոլորակի փոքրիկ արարածներն ինքնապաշտպանության մշտական խնդիր ունեն։ Երեխաները հաճախ են բռնության զոհ դառնում կամ հայտնվում տհաճ իրադարձությունների էպիկենտրոնում։ Որոշ փորձագետներ վստահեցնում են, որ երեխաները կարող են հոգեբանական բռնության զոհ դառնալ ԶԼՄ-ների ոչ ճիշտ լուսաբանման պատճառով։
Վերջերս հերթական դեպքը գրանցվեց Երևանում։ Հայաստանի գիշերօթիկներից մեկում դեռահասների ինքնասպանության փորձի մասին գրեց տեղական կայքերից մեկը, ընդ որում` նշելով նաև երեխաների անունները։ ԶԼՄ-ները հայտնվեցին տեղեկատվական հորձանուտում։ Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ մանրամասներ ներկայացրին, մյուսները պարզեցին ծնողների ինքնությունն ու հասցեները։ «Թեժ» լուրը մամուլի բուռն քննարկման թեմա դարձավ։
«Որևէ բան գրելուց առաջ մենք պետք է հասկանանք` արդյո՞ք դա իսկապես կօգնի երեխային և չի վնասի նրան։ Լրագրողները նախևառաջ պետք է այդ մասին մտածեն, հետո նոր տարածեն տեղեկությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Save the Children-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանը։
Երբ խոսքը վերաբերում է երեխաներին, այդ դեպքում պետք է անչափ աչալուրջ ու զգույշ լինել։ Նման դեպքերի լուսաբանման հետևանքով հասակակիցները կարող են ծաղրել երեխաներին, «ծուռ» նայել նրանց, երեխաները կարող են մեկուսանալ հասարակությունից։ Երեխաները սովորաբար չգիտեն իրենց իրավունքների մասին և չեն կարողանում պաշտպանել իրենց։
Գիշերօթիկի դեպքն առաջինը չէ։ Եղել է, որ սոցիալական տարբեր իրավիճակների մասին ֆիլմ է նկարահանվել և հերոսները երեխաներն են եղել։
«Սխալ է, երբ նյութերում օգտագործվում են երեխայի տվյալները` լուսանկարը, բնակության վայրը, ուսումնական հաստատության անունը, ծնողների անուններն ու աշխատավայրի անվանումը»,- ասաց World Vision-Հայաստան ծրագրերի ղեկավար Ժիրայր Էդիլյանը և ավելացրեց, որ որևէ մեկը չգիտի, թե դա ինչպես կանդրադառնա երեխայի ապագայի վրա։
Ստեփանյանի խոսքով` մեկ այլ խնդիր է նաև այն, որ ծնողները, չիմանալով իրենց իրավունքների ու պարտավորությունների մասին, իրենց երեխաներին միտումնավոր կամ ոչ միտումնավոր օգտագործում են ինչ-ինչ նպատակներով։
Դրա վկայությունն են երեխաների հետ մուրացկանություն անող մարդկանց մասին պատմող ֆիլմերը։ Տարվա ցանկացած եղանակի` թե՛ —20 աստիճանի, թե՛ +45-ի պայմաններում նրանց կարելի է տեսնել փողոցներում։ Սա, ըստ էության, նույնպես երեխաների իրավունքների խախտում է։ Շատերը երեխաների հետ վարվում են այնպես, ասես նրանք առարկա լինեն, սեփականություն` առանց հասկանալու, որ նա անձ է, որին պետք է հարգել։
Ըստ մասնագետների` երեխաների իրավունքների խախտման դրսևորումներից մեկն էլ այն է, որ ծնողները երեխաների կյանքն ակտիվ քննարկման թեմա են դարձնում սոցիալական ցանցերում։ ԱՄՆ-ի նահանգներից մեկում երեխային դպրոց տանելիս ծնողը սոցիալական կայքում նշել էր իր գտնվելու վայրը։ Ինչ-որ մոլագար հետևել էր նրանց, ու ծնողի` առաջին հայացքից վտանգավոր չթվացող այդ քայլը ողբերգության էր հանգեցրել։