ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Forbes-ը հրապարակել է 2016թ մոլորակի միլիարդատերերի ցանկը, որում ընդգրկված է նաև 4 հայ գործարար։
Ցանկում 219-րդ տեղում Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան), ով ունի 5,7 միլիարդ դոլար կարողություն։ Նա «Մագնիտ» ցանցի, ինչպես նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում՝ 3,1 մլրդ կարողությամբ։
2.2 միլիարդ դոլար կարողությամբ 810-րդ հորիզոնականում է արգենտինահայ գործարար, «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը: Նա անցյալ տարի Forbes-ի վարկանիշում զբաղեցնում էր 1006-րդ հորիզոնականը։
Դանիլ Խաչատուրովը` 1.4 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը: Խաչատուրովը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավարն է:
Forbes-ի գնահատմամբ՝ աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար:
67 միլիարդ դոլարով երկրորդ տեղում է Zara ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, իսկ երրորդն է ներդրող և ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը` 60.8 միլիարդ դոլար կարողությամբ: