Արշալույս Մղդեսյան, Sputnik.
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 25-ին կառավարության նիստում առաջարկեց վերացնել ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները։ Թեև մինչ այդ ֆինանսների նախարարությունն ու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը պնդում էին, որ ԱԱՀ-ի գանձումը նախատեսված է ԵՏՄ-ի անդամակցության մասին պայմանագրում եղած «անցումային դրույթներով», իսկ հայկական կողմը գործում է խաղի եվրասիական կանոնների շրջանակում։
Ինչու՞ հայկական ղեկավարությունը ԵՏՀ-ի հետ հեռակա բանավեճերի մի քանի փուլից հետո մի քանի անգամ փոխեց իր դիրքորոշումը և վերջապես որոշեց հրաժարվել բյուջեի համար այդքան կարևոր ԱԱՀ-ից գանձվող հարկերից` դրանով հանդերձ հրաժարվելով նախկինում հնչեցրած հայտարարություններից։
ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներկրելու ժամանակ ԱԱՀ գանձելու անթույլատրելիության մասին հայ հասարակությունն իմացավ ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայից Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամրջի ժամանակ։ Նա հստակ հասկացնել տվեց, որ ԵՏՄ երկրներից (հիմնականում ՌԴ-ից) մեքենա ներկրող ֆիզիկական անձանցից ԱԱՀ գանձելու փորձն «առևտրային արգելք է», ինչն արգելված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրով։
Վալովայայի հայտարարությունն անսպասելի էր և, ասես, պարզ երկնքում հնչած որոտ լիներ։ Իհարկե, այդ հարցը չէր կարող չքննարկվել ԵՏՄ շրջանակում անցկացված աշխատանքային հանդիպումների ընթացքում, բայց հայկական կողմը պատրաստ չէր խնդրի հրապարակմանը։ Ուստի հենց այդ պատճառով կառավարությունն ու ֆինանսների նախարարությունը 3-4 օր չէին արձագանքում լրագրողների պատասխաններին, երբեմն էլ ուղղակի հրաժարվում էին պատասխանել դրանց։
Մի քանի օր տևած դադարից հետո բավական կոշտ արձագանքեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, որի խոսքով` այստեղ որևէ շեղում կամ բացթողում չկա, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով` իրավական տողին, տառին համապատասխան: Նա հայտարարեց, որ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաներից լրացուցիչ արժեքի համար հարկի գանձումը կշարունակվի, քանի որ դա բխում է պետբյուջեի շահերից, որն առանց այն էլ գումարներ է կորցնում երրորդ երկրների ավտոմեքենաների ներկրման անկման պատճառով:
«2015թ.-ին ներկրվել է 22 մլրդ դրամի ավտոմեքենա` 44-45 մլրդի փոխարեն: Մենք կորցրել ենք ավելի քան 20 մլրդ դրամ, և պատճառն այն է, որ մեքենաների մի մասը ներկրվել է ոչ թե երրորդ երկրներից, այլ` ՌԴ-ից»,- ասաց Ալավերդյանը:
Այնուհետև փորձելով պարզել իրավիճակը՝ նա հրապարկեց Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության՝ «տերմինախեղդ» հաղորդագրությունը, որում հղում կա նաև պայմանագրի «անցումային դրույթներին», բայց փաստաթղթի զտման դեպքում կարելի է տեսնել ԱԱՀ գանձելու պատճառները ներկայացնող երկու կարևոր հանգամանք։
Բանն այն է, որ ապրանքը (այս դեպքում ավտոմեքենան), որը ներկրվել է, օրինակ, Գերմանիայից ՌԴ կամ ուղղակի հավաքվել է Ռուսաստանում, արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների սրահներում, արդեն անցել է մաքսազերծում, գնի մեջ ներառվում է նաև ԱԱՀ-ն: Այսինքն այն համարվում է ԵՏՄ ապրանք և կարող է ազատ տեղափոխվել միության տարածքում: Սակայն բարեփոխումների և միջազգային ինտեգրման նախարարությունը բացատրում է Հայաստանում կրկնակի ԱԱՀ գանձելու պատճառը: Ասվածը խիստ պարզեցնելուց հետո կարելի է նշել, որ Ռուսաստանում չեն հավատում, որ ֆիզիկական անձը ԱԱՀ կվճարի Հայաստանում, ուստի ավտոմեքենան վաճառելիս ԱԱՀ-ն արդեն գանձում են այնտեղ, իսկ Հայաստանում չեն հավատում, որ ֆիզիկական անձն այդ հարկը վճարել է Ռուսաստանում, և «համենայն դեպս» ԱԱՀ են գանձում:
Արդյունքում հասարակ քաղաքացիները հայտնվել էին կրկնակի հարկման դաշտում, ինչն էլ, իհարկե, չէր կարող անտեսվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:
Հայաստանի ղեկավարության այն հայտարարություններն էլ, թե պայմանագրում կան «անցումային դրույթներ», որոնք թույլ են տալիս ԱԱՀ գանձել, անարժանահավատ էին այն պարզ պատճառով, որ դրանք ուղղակի չկային պայմանագրում: Բոլոր «անցումային դրույթները», որոնք մեջբերում են հարկային մարմնի աշխատողները, վերաբերում են 800 անուն ապրանքների ներկրմանը երրորդ երկրներից, այլ ոչ թե ԵՏՄ երկրներից: Հայկական իշխանությունների հայտարարությունում ողջամիտ է մի բան, որ երկրի համար բարդ տնտեսական պայմաններում կառավարության համար դժվար է հրաժարվել հարկային եկամտաբեր ուղղություններից:
Տնտեսագետների հաշվարկով՝ անցած տարի ՌԴ-ից ավտոմեքենաներ ներկրող ՀՀ քաղաքացիներից ԱԱՀ-ի տեսքով գանձվող գումարն ավելի քան 10 մլն դոլար է կազմել։ Գումարը սարսափելի մեծ չէ, բայց հայկական կառավարությունը ձգձգել է այդ արգելքը հաղթահարելու գործընթացը, քանի որ հիմա դա կարող է հեռուն գնացող բացասական հետևանքներ ունենալ գանձապետարանի համար: Օրինակ` ԱԱՀ-ի և մաքսազերծման բացակայության դեպքում (ինչն ավտոմեքենայի արժեքի 30 տոկոսն է կազմում), Հայաստանի քաղաքացիները կնախընտրեն մեքենաներ ներկրել ոչ թե Վրաստանից, այլ` ՌԴ-ից:
Կփոխվի ներկրման աշխարհագրությունը, որի արդյունքում տարեկան կտրվածքով բյուջե չի մտնի ոչ թե 10 մլն դոլար, այլ շատ ավելին: Հենց այդ խնդիրն է քննարկվել ԵՏՄ շրջանակում, հատկապես ռուսական կողմի հետ, քանի որ ԵՏՄ երկրների շարքում հիմնականում Ռուսաստանից են ավտոմեքենաներ ներկրվում Հայաստան:
Սակայն ռուսական կողմը, դատելով Վալովայայի հայտարարությունից, հարցը բավական կոշտ է դրել, քանի որ չի կարելի «իրեն հավասար զգալ հավասարների շարքում»: Հակառակ դեպքում այլ խաղացողները նույնպես կարող են նման արգելքներ կիրառել, քանի որ տնտեսական բարդությունների պայմաններում բոլորն էլ բյուջեում հարկային վճարումների կարիք են ունենում:
Արդյունքում կառավարության`ԱԱՀ-ի գանձումից հրաժարվելը ստիպում է մտածել, որ բյուջեի ճեղքերը փակելու խնդիրն ինչ-որ կերպ լուծվել է կամ լուծման փուլում է: Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմի հետ ֆինանսական փոխհատուցման տարբեր տարբերակներ են քննարկվում՝ Հայաստանի բյուջեի ֆինանսավորման համար նոր աղբյուրներ որոնելուց մինչև Ռուսաստանի կողմից Հայաստանին ամենամյա բյուջետային դրամաշնորհի հատկացումը:
Հ.Գ. Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կլինի արդեն անցած տարվա ընթացքում գանձապետարան մտած ԱԱՀ-ի գանձման արդյունքում ստացված միջոցների հետ, որոնք, ինչպես պարզվեց, «արգելված են» ԵՏՄ պայմանագրով: Դրանք կվերադարձնե՞ն քաղաքացիներին: