ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ռոդնինան սպորտում ունեցած հաջողությունների մասին խոսելիս հպարտությամբ է ասում, որ իր ամենամեծ հաջողությունը Ստանիսլավ Ժուկի խմբում ընդգրկվելն էր։ Հենց Ստանիսլավ Ժուկը նրան սովորեցրեց սահելու, մրցելու ու ապրելու կանոնները։
«Կյանքը նույն սպորտն է։ Մենք հաճախ ենք ասում, որ կյանքը թատրոն է։ Սակայն սպորտն էլ է կյանք և շատ կարևոր դեր ունի ինքդ քեզ հաղթելու, արդյունքի հասնելու, գործի հանդեպ հետաքրքրություն գտնելու գործում։ Ես այդ ամենին հասել եմ իմ մարզչի շնորհիվ»,- ասաց Ռոդնինան։
2015 թվականի դեկտեմբերին Երևանում պաշտոնապես բացվեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը, որը կառուցվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին։
Իրինա Ռոդնինան նշեց, որ իրեն խնդրել են համակարգել դպրոցի աշխատանքը, որոշվել է, որ սեմինարներ կանցկացվեն մարզիչների համար։
«Մենք աշխատանքի դրական փորձ ունենք այն սպորտային ակումբների հետ, որոնք ոչ միայն երեխաներին են մարզում, այլև` տարբեր տարիքի մարդկանց, ովքեր սահել գիտեն և ցանկանում են գեղասահքի դասընթացներ անցնել»,- ասաց Ռոդնինան։
Նա ցավով նշեց, որ դեռ գործում է Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած սկզբունքը` «այս երեխան հարմար է, մյուսը` ոչ»։
Հայտնի գեղասահորդուհու կարծիքով՝ պետք է այնպես անել, որ գիտելիք ստանալու ցանկություն ունեցող ցանկացած երեխա կարողանա իր ցանկությունները բավարարել նաև ֆիզիկական դաստիարակության ոլորտում։
Ռոդնինան նշեց, որ Հայաստանում գեղասահքը զարգացնելու համար միայն վարպետության դասերը բավարար չեն:
«Հայաստան գալուց առաջ խոսել եմ մարզիչ Ելենա Չայկովսկայայի հետ, որը խորհրդային տարիներին աշխատել է հայաստանցի մարզիկների հետ։ Հիմա էլ երազում է գալ այստեղ, աշխատել ու օգնել»,- ասաց ռուս չեմպիոնուհին և ավելացրեց, որ որքան էլ վարպետության դասերը գրավիչ ու դիտարժան լինեն լրագրողների, մարզիչների ու երեխաների համար, միևնույն է՝ լուրջ արդյունքների հասնելու համար Հայաստանում պետք է լայնածավալ աշխատանք տարվի։