ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. «Ֆանտաստիկ քառյակը» ու «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ մելոդրաման «Ոսկե մորի» կինոմրցանակի արժանացան` որպես 2015 թվականի վատագույն ֆիլմեր, իսկ «Օսկարի» հավակնորդ Էդի Ռեդմեյնը դարձավ երկրորդ պլանի վատագույն դերասան, հայտնում է կազմակերպությունը:
«Ոսկե մորի» հակամրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության նախօրյակին: Հաղթողները մորու տեսքով ոսկեգույն արձանիկներ են ստանում:
Վատագույն ֆիլմ կոչմանը հավակնում էին նաև «Յուպիտերի վերելքը», «Գիրուկն ընդդեմ բոլորի» ու «Պիքսելները» ֆիլմերը:
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը խայտառակ մրցանակի արժանացավ նաև վատագույն սցենարի համար, իսկ ֆիլմի դերասանական կազմն անցյալ կինոսեզոնում ամենաանհաջողն էր, վատագույն դերասան կոչմանն արժանացան Ջեյմի Դորնան ու Դակոտա Ջոնսոնը, նրանք նաև մրցանակ ստացան վատագույն դերասանական տանդեմ անվանակարգում: Դորնանն ու Ջոնսոնն ամենավատ դերասան անվանակարգում «հաղթեցին» կինոէկրանների այնպիսի մեծության «աստղերի», ինչպիսիք են Ջոնի Դեփը, Ադամ Սենդլերը, Քևին Ջեյմսը, Միլա Կունիսը, Ջենիֆեր Լոպեսն ու Գվինետ Փելթրոուն:
«Օսկարակիր» ու այս տարվա թեկնածու Էդի Ռեդմեյնը «Ոսկե մորի» է ստացել «Յուպիտերի վերելք» ֆիլմում երկրորդ պլանի դերասանական խաղի համար: Կանանց համանուն անվանակարգում նրան ընկերակցել է Քեյլին Կուոկոն «Էլվինն ու բուրունդուկները» մուլտֆիլմում կրծողի դերը հնչյունավորելու համար:
«Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմի վատագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել Ջոշ Թրանքը: